Արմեն Սարգսյանը ստորագրել է կարանտինին վերաբերող օրենքները

Նախագահն ընդգծել է նոր կարգավորումների բարեխիղճ և բարձր պատասխանատվությամբ կիրառման անհրաժեշտությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի- Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մի շարք օրենքներ է ստորագրել, որոնք վերաբերում են Հայաստանում կարանտինի սահմանմանը։

Կարանտինի մասին օրենքով կառավարությունը 6 ամիս ժամկետով մենաշնորհ է ստանում. պատգամավոր

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագահը կարևորում է բնակչության պաշտպանության և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով օրենքների ընդունմամբ առաջարկվող նոր կարգավորումները:

Միաժամանակ, հաշվի առնելով օրենքների զգալի ազդեցությունը մարդկանց անձնական և հանրային կյանքի վրա, ինչպես նաև այն, որ դրանք նախատեսում են մարդու որոշ հիմնարար իրավունքների սահմանափակման հնարավորություն, նախագահն ընդգծում է նոր կարգավորումների բարեխիղճ և բարձր պատասխանատվությամբ կիրառման անհրաժեշտությունը:

«Օրենքների կիրարկման ընթացքում պետք է երաշխավորվեն յուրաքանչյուր անձի անձնական տվյալների, ներառյալ բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների, արդյունավետ պաշտպանության իրավունքը և դրա իրացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի սահմանումը, անձի տեղեկատվություն փնտրելու և ստանալու, հավաքների կազմակերպման սահմանադրական իրավունքների անհամաչափ սահմանափակման բացառումը, յուրաքանչյուր անձի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արտակարգ դրությունը կդադարեցվի, փոխարենը կարող է սահմանվել կարանտին որոշակի տարածքում

Ընդգծվում է, որ օրենքներով նախատեսված միջոցառումները պետք է իրականացվեն համաչափ և հստակ. այդ նպատակով նախագահի աշխատակազմն առաջարկում է անհրաժեշտության դեպքում ընդունել լրացուցիչ օրենսդրական և ենթաօրենսդրական իրավակարգավորումներ:

Նախագահ Սարգսյանը կարևորում է, որ առաջարկվող յուրաքանչյուր միջոցառում ու դրա ժամկետները լինեն համաչափ բնակչության անվտանգության և առողջության պաշտպանության նպատակին, իսկ «պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և սահմանափակումների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնող մարմինների գործողությունները` համարժեք լինեն իրավիճակին»։

Սեպտեմբերի 12-ից Հայաստանում կարանտին կհայտարարվի. փոխնախարարը հաստատեց

Նշվում է, որ հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հետևելու է դրանց կիրառմանը:

Հավելենք, որ սեպտեմբերի 7-ին Արմեն Սարգսյանի ստորագրմանն են հանձնվել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները. ևս 5 հարակից օրենք (այսուհետ՝ Օրենքներ) Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. սեպտեմբերի 7-ին: