ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ճանաչված երգչուհի Սիրուշոն, որն օրեր առաջ Լեհաստանում մասնակցում էր ամենամյա եվրոպական փառատոնին, սոցցանցային իր էջերում անդրադարձել է այն մեկնաբանություններին, որ փառատոնին իր մասնակցության համար վճարել է կամ միջնորդություն է եղել:
«Ցավալի է, ինչ խոսք, որ հաջողության հասնելու միակ ճանապարհը ոմանք միայն այդպես են պատկերացնում, ու հասկանում եմ, որ նման մեկնաբանությունների մի մասն էլ միտումնավոր ու ուղղորդված է արվում: Իրականությունն այն է, որ նման համերգների մասնակցելու համար ոչ թե ես եմ վճարում, այլ ինձ են վճարում ու հոգում են բոլոր ծախսերը` իմ ու ինձ հետ ճամփորդած թիմի: Երբեք ինձ թույլ չեմ տվել որևէ մեկին խնդրել կամ միջնորդել, որ որևէ տեսակ միջոցառման մասնակցեմ ու առիթը չեմ էլ ունեցել, որովհետև միշտ հրավերներ եմ ունեցել և ընտրողի կարգավիճակում ես եմ եղել` որ համերգին մասնակցել, որին` ոչ»,–գրել է երգչուհին:
Նրա խոսքով`նման միջոցառումներին Հայաստանի մասնակցությունը չափազանց հազվադեպ է լինում, և այն, որ տարբեր երկրներից իրեն հրավիրում են և բարձր մակարդակով ընդունում, իր համար ամենակարևոր ձեռքբերումներից է։
Լեհ երկրպագուն Սիրուշոյի անունը հայերենով դաջել է ձեռքին. երգչուհին տեսանյութ է հրապարակել
«Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր քաջալերում են և հպարտանում, ովքեր չեն կորցրել լավը տեսնելու ու ասելու ունակությունը. դա մեզ համար շատ կարևոր է»,–եզրափակել է Սիրուշոն:
Հիշեցնենք, որ Սիրուշոն հայտնել էր, որ օգոստոսի 28–ին Լեհաստանում բացառիկ երաժշտական փառատոն է կայանալու, որին մասնակցելու է նաև ինքը։
Սիրուշոն Լեհաստանում. նա իր ելույթներից հատվածներ է հրապարակել