Ինչու են աշխատանքից ազատել Ամատունի Վիրաբյանին. նախարարությունից մեկնաբանել են

Արդարադատության նախարարությունից հիշեցրել են, որ ՊԵԿ–ի կողմից նախապատրաստվել են նյութեր, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել է, քանի որ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ հատուցվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի դեպքում արձանագրվել է շահութահարկի գծով պարտավորություն և ստուգման ակտով հստակ արձանագրվել է, որ ի թիվս այլնի, խախտվել է նաև «Շահութահարկի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը և նույն հոդվածի 2-րդ մասի «դ» և «զ» ենթակետերը։ Դրանց հետևանքով շահութահարկի գծով առաջադրվել է 21 մլն 369 հազար 151 դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն։

Բյուջեից փող են տվել, որ պարտքերը մարի, ապա գործից հանել. ի՞նչ է կատարվել Ազգային արխիվում

Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը այսկերպ է պատասխանել Հայաստանի ազգային արխիվի արդեն նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանին, որը, նրա խոսքով, տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում նշում է, որ «Արխիվը պետությունից ստացել է դրամաշնորհներ և սուբսիդիաներ, որոնք ԱԱՀ-ով չէին կարող հարկվել»։

«ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ պարզաբանեմ, որ այդ մասով նախարարությունը չունի որևէ առարկություն, և այո՛, այդ գծով հարկային պարտավորություն առաջադրվել է գրեթե բոլոր ՊՈԱԿ-ներին, իսկ այդ պարտավորությունները մարվել են կառավարությունից ստացված միջոցների հաշվին»,–գրել է նա։

Անդրադառնալով Վիրաբյանի այն պնդմանը, որ «հարկեր չվճարողներին դատում են, ոչ թե կառավարությունը պահուստային ֆոնդից գումար է տալիս», ապա հարկ է նկատել, որ Պետական եկամուտների կոմիտեի կողմից նախապատրաստվել են նյութեր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելը), սակայն քրեական գործի հարուցումը 24․05․2019թ-ին մերժվել է, քանի որ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ հատուցվել է։

Ազգային արխիվի տնօրենի դեմ նյութեր են նախապատրաստվում

Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 8–ին Արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ազատվել է պաշտոնից։ Ստացված տեղեկության համաձայն` «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում։ Արդյունքում հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել։