ՌԱԴԻՈ

Երեխան կարող է դիտել ինչ ասես. մասնագետը ծնողներին ասում է`ինչպես հետևել նրանց համացանցում

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կայքերից մեկում տեղադրվող ինքնասպանության իրական տեսանյութերի տարածման խնդրին։
Sputnik
Երեխան կարող է դիտել ինչ ասես. մասնագետը ծնողներին ասում է`ինչպես հետևել նրանց համացանցում

Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ` ինչ–որ անհասկանալի մարդիկ անընդհատ նորից տեղադրում են նման տեսանյութեր, ինչը կարող է ընկալվել կա՛մ որպես «մանկական չարաճճիություն», կա՛մ որպես հոգեկան խանգարում ունեցող մարդկանց գործելաոճ, որի հիմքում անհասկանալի դրդապատճառներ են։ Սամվել Մարտիրոսյանը չի բացառում, որ դա կարող է լինել նաև TikTok-ին հարվածելու, վարկաբեկելու փորձ։

«Շատ դեպքերում նման բան անում են երեխաները։ Նրանց թվում կան նման հետաքրքրություն ունեցողներ, որոնց ուղղակի ձգում են արգելված երևույթները։ Կան նաև մարդիկ, ովքեր անառողջ հոգեբանությունից ելնելով, փորձում են ահաբեկել երեխաներին ու ազդել նրանց հոգեբանության վրա։ Որոշ դեպքերում նման կերպ իրականացվում են սոցիալական փորձարկումներ, մարդիկ ցանկանում են տեսնել, թե այս կամ այն տեղեկատվությունը ինչ լայնույթով կտարածվի, որքան արագ կտարածվի, որպեսզի սոցցանցերում հետագայում ունենան որոշակի ներգործություն»,– ասում է տեղեկատվական անվտանգության փորձագետը։

Թրամփը մտադիր է ԱՄՆ–ում արգելել TikTok–ը

Սամվել Մարտիրոսյանի կարծիքով` կարևոր է, որ ծնողները տեղյակ լինեն, թե երեխաներն ընդհանրապես ինչ են անում համացանցում, էլ չենք խոսում այն մասին, որ որոշակի տարիքի երեխաներն ընդհանրապես պետք է չլինեն սոցկայքերում։ Ըստ Մարտիրոսյանի` օրինակ ԱՄՆ–ում կա տարիքային սահմանափակում` 13 տարեկանից ցածր երեխաներն իրավունք չունեն գրանցվել «Ինստագրամում» և «Ֆեյսբուքում»։ 

Փորձագետի տեղեկացմամբ` նույն TikTok կայքում երեխաները դիտում են ոչ միայն իրենց ընկերների տեղադրած տեսանյութերը, այլև ստանում են ընդհանուր ցանցից առաջարկվող տեսանյութեր, ինչը նշանակում է, որ երեխան տեսականորեն կարող է դիտել ինչ ասես։ Սամվել Մարտիրոսյանը ծնողներին խորհուրդ է տալիս օգտվել համացանցում ներբեռնված ծրագրից, որի շնորհիվ հեռախոսները միանում են և ծնողը կարող է հետևել, թե երեխան ինչ է անում իր մոտ եղած հեռախոսով։

Նշենք, որ երեկ TikTok սոցիալական կայքում զանգվածաբար տարածվում է ինքնասպանության իրական տեսանյութ, որը կարող է հատկապես մատաղ սերնդի պարագայում անվտանգության հետ կապված լուրջ պրոբլեմներ առաջացնել։