Բուժհիմնարկները` հյուրանոցնե՞ր. ԱԺ–ն կառավարության վերաբերմունքն անհարգալից է համարում

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում» ներկայացված 5 բուժհիմնարկներից 4-ի դեպքում կառավարությունն առաջարկում է վերացնել առողջապահական պրոֆիլի պահպանման պարտադիր պահանջը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում տարիներ շարունակ մասնավորեցման ներկայացված բժշկական հիմնարկներով որևէ գնորդ չի հետաքրքրվում։ Տեղեկությունն այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում հայտնեց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը։ 

Նրա խոսքով` «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում» ներկայացված է 5 բուժհիմնարկ, որոնք ներկա օրենքով մասնավորեցումից հետո պետք է պահպանեն իրենց գործունեության պրոֆիլը։

Հայաստանի մարզային հիվանդանոցները կապահովվեն շտապօգնության նոր ավտոմեքենաներով

Կառավարության համոզմամբ` օրենքի հենց այս պահանջն է, որ խոչընդոտում է այդ հիմնարկների մասնավորեցմանը։

«Կոնկրետ այս պահի դրությամբ մասնավորեցման ցանկում մնացել են 5 առողջապահական պրոֆիլի ընկերություններ. «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն», «Հանրապետական անձավաբուժության կենտրոն», «Նևրոզների կլինիկա», «Կուրորտաբաության և ֆիզիկական բժշկություն» գիտահետազոտական ինստիտուտ»,– ասաց Վարդան Կոստանյանը։

Նրա խոսքով` այս ցանկը քննարկվել է առողջապահության նախարարության հետ, և գերատեսչությունում համաձայնել են, որ բացի «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնից», մնացած 4 բուժհիմնարկներում պրոֆիլը կարող է չպահպանվել։

Եվ քանի որ ներդրողներին այս բուժհիմնարկները չեն հետաքրքրում, կառավարությունն առաջարկում է օրենքից հանել այդ ընկերությունների գործունեության հիմնական ուղղության պահպանման պարտադիր պահանջը:

Հանձնաժողովում հետաքրքրվեցին, թե պրոֆիլը չպահպանելու դեպքում ինչ ճակատագրի կարժանանան այդ հիմնարկների ներկայիս աշխատակիցները։ Վարդան Կոստանյանը հարցի պատասխանը չուներ։

Ո՞ր դիրքորոշման պատճառով է հեռացել Դավիդյանցը. աշխատանքից ազատվելը լուրջ հարցեր է ծնել

«Պետգույքի կառավարման կոմիտեն կառավարում և մասնավորեցման է ներկայացնում այդ հիմնարկները։ Հիմա մեզ մոտ ֆինանսական ցուցանիշները գնալով վատանում են, և մենք` որպես լիազոր մարմին, ստիպված պետք է քայլեր ձեռնարկենք, որոնք կլինեն և՛ հաստիքների կրճատման տեսքով, և՛ ընկերության հետագա ճակատագիրը հասկանալու»,– ասաց նա։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը փաստեց, որ ցանկում ներառված 5 ընկերություններից առնվազն 3-ը առողջապահության ոլորտում շահույթով են աշխատում, բայց կառավարությունը որոշել է հրաժարվել դրանցից` չմտահոգվելով անգամ աշխատակիցների հետագա ճակատագրով։

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի նախկին տնօրենը դատի է տվել ՀՀ առողջապահության նախարարությանը

«Տեսեք դուք ինչ ազդակ եք հաղորդում` որպես կառավարության ներկայացուցիչ։ Այդ հիմնարկների աշխատողները լսելու են ձեզ, որ ասում եք` ես չգիտեմ այդ մարդկանց ճակատագիրն ինչ է լինելու։ Պահանջում ենք ձեզանից, որ մենք նույնպես իմանանք, թե այդ մարդկանց հետ ինչ է լինելու, կառավարությունն այս մարդկանց ինչ է առաջարկելու»,– ասաց Ծառուկյանը։

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ 2020թ–ի մայիսին հանձնաժողովը մեկ անգամ արդեն մերժել էր կառավարության ներկայացրած նախագիծը` պայմանով որ դրանում փոփոխություններ կարվեն ու նոր միայն կներկայացվի ԱԺ։

«Ես գտնում եմ, որ դա անհարգալից վերաբերմունք է ԱԺ–ի տնտեսական հանձնաժողովի ու ընդհանրապես ԱԺ–ի նկատմամբ»,– ասաց Թունյանը` հավելելով, որ կառավարությունը պետք է ԱԺ–ի հետ անկեղծ լինի։

«Եկեք, ասեք. «Կան այս–այս ծրագրերը, ուզում ենք անել այս –այս կոնկրետ քայլերը»։ Ոչ թե մենք բիզնեսի սեկտորի ներկայացուցիչներից իմանանք, որ այս գույքը վաճառվելու է սրան, կամ այնինչ գույքի հետ կապված այսինչ պլանները կան»,– ասաց Թունյանը։ 

Բաբլոյան. ««Արաբկիրը» պատրաստ է օգնել բուժհիմնարկներին` չմտածելով փոխհատուցման մասին»

Ծավալուն քննարկման արդյունքում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը մերժեց կառավարության առաջարկը։

Հիշեցնենք` 2020թ–ի մայիսի 20-ին ԱԺ–ի տնտեսական հարցերի հանձնաժողովում, նույն նախագծի ներկայացման ժամանակ, Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ասել էր, այս բուժհիմնարկների շենք–շինությունները ներդրողներին հնարավոր է հետաքրքրեն որպես բիզնես կենտրոն կամ հյուրանոց, բայց ոչ որպես հիվանդանոց: