ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. ԼՀԿ-ն տեղեկացնում է, որ կուսակցության կառավարման խորհրդի որոշման համաձայն՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում արդեն իսկ թեկնածու ունի։ Խմբակցությունը պատրաստվում է առաջադրել Արկադի Խաչատրյանի թեկնածությունը։
Խաչատրյանը 2018թ. դեկտեմբերի 9-ին ընտրվել է 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ընտրական ցուցակով, այժմ ՀՀ ԱԺ
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի անդամ է:
Նա 2012թ.-ից առ այսօր ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս է, 2018թ.-ից դասախոսում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (РАУ) քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնում:
«Մեր Մանեին առողջություն եմ մաղթում». Մարուքյանն արձագանքել է Թանդիլյանի որոշմանը
2015-2019թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ որպես ԿԲ խորհրդի անդամ, եղել է նաև ԿԲ նախագահի խորհրդական։ Հանդիսացել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը:
Հիշեցնենք` Արկադի Խաչատրյանը փոխարինում է պատգամավորական մանդատը վայր դրած Մանե Թանդիլյանին։ Օգոստոսի 14-ին Թանդիլյանը հայտարարել էր, որ առողջական խնդիրների պատճառով հրաժարվում է մանդատից։