Վերացվում են Արցախ մուտքի և ելքի սահմանափակումները

Սահմանային հսկիչ անցագրային կետերում ծառայություն իրականացնող բուժանձնակազմը յուրաքանչյուր քաղաքացու տեղում կջերմաչափի և կիրականացնի արտաքին զննություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Արցախի հանրապետություն մուտքի և ելքի սահմանափակումները հանվում են: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ համապատասխան որոշումը ստորագրել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:

«Արցախում կորոնավիրուսի տարածման օջախները մարված են»․ ԱՀ պարետ

Այսուհետ հանրապետությունից ելք կատարելու համար պարետի թույտվությունն անհրաժեշտ չէ, վերացվում է նաև հանրապետություն մուտք գործելու համար որպես պարտադիր պայման կիրառվող ՊՇՌ թեստի պահանջը: Սակայն, սահմանային հսկիչ անցագրային կետերում ծառայություն իրականացնող բուժանձնակազմը յուրաքանչյուր քաղաքացու տեղում ջերմաչափելու է և իրականացնելու է արտաքին զննություն:

Արցախում կորոնավիրուսով հիվանդի մահվան առաջին դեպքն է գրանցվել

«Ելքի և մուտքի սահմանափակումների հանման պատճառը վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում արձանագրված կորոնավիրուսային հիվանդացության կտրուկ անկումն է և դրա հետևանքով ռիսկերի նվազումը: Ելքի և մուտքի սահմանափակումների հանմանը զուգահեռ ուժեղացվելու է հանրապետությունում հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները»,- նշել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:

ԱՀ պարետը Արցախի բնակիչներին ու հյուրերին կոչ է արել ցուցաբերել առավելագույն զգոնություն և խստագույնս հետևել համավարակի կասեցման համար սահմանված կանոններին: