Դերսիմի ալևի զազաները տարիներ շարունակ իրենց պաշտպանության տակ են առել կոտորածից մազապուրծ եղած բազմաթիվ հայերի՝ դրա համար վճարելով անգամ սեփական կյանքով։ 1938թ.-ին Քեմալ Աթաթուրքի կազմակերպած Դերսիմի կոտորածի հիմնական պատճառներից մեկն էլ հենց հայերին բացահայտելն ու ոչնչացնելն էր։ Տեր Սիմոնի երկրի՝ Դերսիմի հայերը, սակայն, կարողացան հաղթահարել նաև դա և շարունակել ապրել։ Այսօր հայեր կան Դերսիմի բոլոր բնակավայրերում՝ մեծ քաղաքներից մինչև փոքրիկ գյուղեր։
«Պապիս կնոջը թուրքը խլել է ու իր հարճը սարքել». ֆիդայի Սարգսի թոռը փնտրում է ազգականներին
Դերսիմի Հոզաթ (պատմական հայկական Խոզաթ քաղաքը,-խմբ․) քաղաքում ինձ մոտեցավ տարեց մի կին՝ խնդրելով օգնել գտնելու իր 25-ամյա դստերը։ Ասաց` նա 2 տարի առաջ հեռացել է տնից, այդ օրվանից տեղեկություն չունի միակ զավակի մասին:
Զինար անունով կինն արցունքն աչքերին ասաց, որ տասնամյակներ առաջ իր նախնիներն են կորցրել իրենց զավակներին, այսօր ինքն է նույն ճակատագրին արժանանում։ Երբ հետարքրվեցի Զինարի պատմությամբ, ասաց, որ ինքը Ցեղասպանությունից ֆիզիկապես փրկված հայի հետնորդ է։
Նա մատնացույց արեց Հոզաթի հայկական թաղամասերը՝ նշելով, որ այնտեղ ապրող հայերը աչքի են ընկնում ոչ միայն վարպետներով, այլև հետաքրքիր մտահղացումներով, որոնցով օրն ավելի ուրախ ու հիշարժան է դառնում։ Հոզաթի կենտրոնում երկու երաժիշտներ իրենց շուրջն էին հավաքել մեծ թվով մարդկանց ու նվագում էին հայկական ու թուրքական միախառնված մեղեդիներ։
Նվագողներից մեկը Թեյրանն էր` զտարյուն հայ, մյուսի էլ մայրն է հայուհի: Երկուսն էլ չեն թաքցնում իրենց ծագումը, բայց ուրախ են, որ ամբողջ կյանքն ապրել են զազաների հետ: Մեր երաժիշտ հայրենակիցները չկարողացան ասել, թե կոնկրետ Դերսիմի տարածաշրջանում ինչքան էթնիկ հայ կա, բայց որ նրանք շատ-շատ են, փաստ է: Հայ երաժիշտների նվագակցության ուղեկցությամբ մեկը մյուսի հետևից ծանոթանում եմ այլ հայերի հետ։ Աչքիս առաջ բացվում է նոր աշխարհ, որտեղ բոլորը հայեր են` մեզ նման հայեր, հաճախ նաև քրիստոնյա հայեր։ Երկու հայ աղջիկներ երբ սկսում են խոսել հայերեն, անակնկալից չեմ կողմնորոշվում` ինչ հարցեր տալ։
«Քիչ մե գիդինք հայերեն։ Հայեր հուդա շատ կան։ Յանի 3000 հայ մինակ կեղնի։ Հայ ինք, քուր ինք, ախպար ինք»,-ոգևորված ասում են դերսիմցի հայուհիներն ու առաջարկում ծանոթանալ տեղացի այլ բազմաթիվ հայերի հետ ու հասկանալ, թե ինչպիսի հայկական աշխարհ է թաքնված ժամանակակից Թուրքիայի կենտրոնում։
Մի օր բոլորս վերադառնալու ենք. ծպտյալ հայերն ու Արմեն Բաքըրջըօղլուի հայկական ընտանիքը
Արևմտյան Հայաստանում ապրող ու ազգային ինքնությունը պահպանող բոլոր հայերին ճանաչելու համար տասնամյակները, նույնիսկ հարյուրամյակները չեն բավականացնի․ նրանք շատ են այսօր, տարեցտարի ավելանում են՝ ոգևորվելով հարևանությամբ ապրող երբեմնի ծպտյալ հայերի համարձակությամբ։