«Գազպրոմ Արմենիայում» կրճատումներ են. բոլորի աշխատավարձը 20%-ով կպակասի

Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան «Գազպրոմ Արմենիայից» հաստատեցին տարածված լուրերը՝ մեկնաբանելով, որ կրճատումների պատճառը ՀԾԿՀ-ի` 2020թ.-ին կայացրած որոշումն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. «Գազպրոմ Արմենիան» կրճատում է աշխատողների աշխատավարձերը: Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման` լուրը հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

Բանն այն է, որ Հայաստանում գործող գազի սակագինը հնարավորութուն չի տալիս պահպանել աշխատավարձերի ներկա չափերը, և ընկերությունում որոշել են 20%-ով կրճատել բոլոր աշխատողների աշխատավարձերը:

«Գազպրոմ Արմենիան» ստիպված է լինելու 1000 աշխատող կրճատել

Նման որոշման պատճառն, ըստ «Գազպրոմ Արմենիայի», ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` ս.թ. հունիսի 19-ի որոշումն է։

Հիշեցնենք՝ ներկայացրած հայտում «Գազպրոմ Արմենիան» առաջարկել էր գազի միջին սակագինը 1000 խմ-ի համար դարձնել 283.14 դոլար` ներկայիս 255.06 դոլարի փոխարեն, իսկ ՀԾԿՀ-ն սահմանեց 266.71 դոլար:

Նույն որոշմամբ ՀԾԿՀ-ն սահմանել էր նաև ընկերության աշխատողների թվաքանակն ու տարեկան աշխատավարձի ֆոնդի չափը: Դրանք, փաստորեն, նույնպես սահմանվել են փաստացի առակա աշխատողների թվաքանակի և «Գազպրոմ Արմենիայի» տարեկան աշխատավարձի ֆոնդի գործող չափերից ավելի ցածր:

«Գողանում էին». Քոչարյանն ասաց` ինչու են «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերը վաճառել Ռուսաստանին

Այսպիսով, ընկերության ղեկավարությունը պարտավորվում էր կամ 1000 աշխատող կրճատել, կամ կրճատել աշխատավարձերը:

Իշխանությունը «Գազպրոմ Արմենիային» առաջարկում է կրճատել սակագինը՝ ծախսերի և եկամտի հաշվին

«Որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ ս.թ. թվականի հուլիսի 19-ից, առկա է փաստացի թվաքանակով ընկերության աշխատողների աշխատավարձի գումարային փաստացի չափի և սպառողներին վաճառվող բնական գազի սակագնով նախատեսված աշխատակազմի աշխատավարձի մասով ֆինանսական միջոցների (գումարների) անհավասարակշռություն և, հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ տնտեսական պայմանների փոփոխման հիմքով նվազեցնել ընկերության բոլոր աշխատողների աշխատանքի էական պայման հանդիսացող աշխատանքի վարձատրության չափը 20%-ով»,- ասված է «Գազպրոմ Արմենիայից» Sputnik Արմենիայի հարցման պատասխանում:

ՀԾԿՀ-ի վերոհիշյալ նիստից հետո «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը
լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «Գազպրոմ Արմենիան» ստիպված է լինելու 1000 աշխատող կրճատել:

Հանքեր, ծխախոտ ու կրթություն. ինչպես է ճգնաժամը խմբագրել ՀՀ խոշոր հարկատուների ցանկը

Նախապես որոշված էր, որ կրճատվելու են հիմնականում հսկիչները՝ շուրջ 7-8 հարյուր հոգի: Մնացած 2-3 հարյուր կրճատվողները պետք է լինեին վարորդներ և այլ աշխատակիցներ: