Հերթը հասավ Մհեր Սեդրակյանին. Էրեբունու նախկին թաղապետին մեղադրանք է առաջադրվել

Քրեական գործի հանգամանքները վերաբերում են 2004 թ-ին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է ԱԺ նախկին պատգամավոր, Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Ինչպես հայտնում են ՔԿ-ից, պարզվել է, որ Մհեր Սեդրակյանը, 1999-2008թթ. զբաղեցնելով Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել Վարդավառի զբոսայգու տարածքում իր որդու և եղբոր կողմից 2782,55 քմ տարածքով ինքնակամ շինություններ կառուցելու համար:

Գագիկ Բեգլարյանի ու Մհեր Սեդրակյանի անուններն էլ հայտնվեցին քրեական գործում

Փոխարենը նա այդ շինությունները նախ՝ համայնքի, ապա՝ որդու և եղբոր սեփականության իրավունքով գրանցելու համար, 2004թ. մայիսի 27-ին դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանում: Կոմիտեից շինությունների հատակագիծը ներկայացվել է Երևանի քաղաքապետարան, և  2004թ. հուլիսի 19-ին Երևանի քաղաքապետի որոշմամբ Վարդավառի զբոսայգու և Վարդավառի լճի տարածքում կառուցված ինքնակամ շինությունների նկատմամբ ճանաչվել է Էրեբունու թաղապետարանի սեփականության իրավունքը:

Այնուհետև 2004թ. օգոստոսի 5-ին, Էրեբունու թաղապետարանի դիմումի հիման վրա կատարվել է անշարժ գույքի բաժանում 5 մասի, իսկ 2004թ. օգոստոսի 6-ին բաժանված գույքերի նկատմամբ գրանցվել է Էրեբունու թաղապետարանի իրավունքը:

Մհեր Սեդրակյանը «Թոխմախի գյոլը» ներքին օգտագործման լիճ է դարձրել

Դրանից հետո արդեն Մհեր Սեդրակյանը համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, Երևան քաղաքի Էրեբունի համայնքի սեփականությունը հանդիսացող, «Վարդավառ զբոսայգու» տարածքում գտնվող ընդհանուր 12035.5քմ. հողատարածքը օտարել է որդուն և եղբորը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: