Բյուջեից փող են տվել, որ պարտքերը մարի, ապա գործից հանել. ի՞նչ է կատարվել Ազգային արխիվում

Аматуни Вирабян
Արխիվի հաշվապահը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչ հարկային պարտավորությունների չկատարման համար են մեղադրում իր ղեկավարին ու ինչ առնչություն ունի դրանց հետ հենց արդարադատության նախարարությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Իր աշխատանքից ազատվելու մասին ՀՀ Ազգային արխիվի արդեն նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը մի քանի ժամ առաջ է տեղեկացել: Այս մասին նա հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում:

Մեկնաբանելով արդարադատության նախարարի որոշումը՝ Վիրաբյանը կարծիք հայտնեց, որ եթե նախարարությունը բոլորի նկատմամբ առաջնորդվի իր նկատմամբ կիրառված սկզբունքով, ապա պետք է աշխատանքից ազատի ոչ միայն իրեն, այլև մյուս բոլոր ՊՈԱԿ-ների տնօրեններին: 

Аматуни Вирабян
Ազգային արխիվի տնօրենի դեմ նյութեր են նախապատրաստվում

«Բոլոր ՊՈԱԿ-ների տնօրեններն այդ հարկերը չեն վճարել, ուրեմն բոլոր ՊՈԱԿ-ների տնօրեններին պետք է ազատեն աշխատանքից»,- ասաց նա:

Նա նաև հայտնեց, որ կառավարությունը պահուստային ֆոնդից գումար է հատկացրել, որով ինքը հիշյալ չվճարած հարկերը վճարել է:

«Հարկեր չվճարողներին դատում են, ոչ թե կառավարությունը պահուստային ֆոնդից գումար են տալիս, որ վճարի»,- ասաց նա:

Ազգային արխիվի հաշվապահ Վահագն Աբիսողոմոնյանն էլ հայտնեց, որ արխիվում հարկային ստուգում է իրականացվել 2018թ-ից: Ուսումնասիրվել է նախորդ 3 տարիների գործունեությունը:

«Այդ ժամանակահատվածում ազգային  արխիվը պետությունից ստացել է դրամաշնորհներ և սուբսիդիաներ, որոնք ԱԱՀ-ով չեն հարկվել և չէին էլ կարող հարկվել, քանի որ դա պետական բյուջեով նախատեսված չէր: Այսինքն՝ արխիվը գումար է ստացել աշխատավարձի, հոսանքի ծախսերի համար, որոնց դիմաց ԱԱՀ նախատեսված չի եղել: Սա համատարած խնդիր է բոլոր ՊՈԱԿ-ների, բոլոր դրամաշնորհների համար»,- ասաց հաշվապահը:

Հարկային ստուգումների արդյունքում, նրա խոսքով ակտավորվել է 793 մլն դրամի հարկային պարտավորություն:

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Ազգային արխիվի մարզային մասնաճյուղի տնօրենը. տեսանյութ

«Հարկային պարտավորությունը մարելու համար մեր կողմից կառավարություն է ներկայացվել որոշման նախագիծ, որը համաձայնեցվել է ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի և, որ ամենաանհեթեթն է՝ արդարադատության նախարարության հետ: Եթե արդարադատության նախարարությունը գտնում էր, որ այդ հարկային պարտավորությունները պաշտոնատար անձի մեղքով են առաջացել, ինքը պետք է դրան դրական եզրակացություն չտար»,- ասաց արխիվի հաշվապահը:

Վահագն Աբիսողոմոնյանի դիտարկմամբ` բոլոր նշված պետական մարմինները գիտակցել են, որ տեղի ունեցածում տնօրենի մեղավորությունը չի կարող լինել, ինչի հիման վրա էլ դրական եզրակացություն են տվել առաջարկին, և այդ որոշման հիման վրա էլ հատկացվել է հարկային պարտավորությունները մարելու համար անհրաժեշտ գումարը:

Չլինեն այս փաստաթղթերը, չենք կարող վերականգնել իրականությունը.նախագահը Ազգային արխիվում էր

«Եվ այդ գումարը որ օրը մուտք է եղել ՀՀ ազգային արխիվի հաշվին, նույն օրը դուրս է եկել ազգային արխիվի հաշվից, պարտավորությունները մարվել են»,- վստահեցրեց նա:

Ի դեպ, արխիվի հաշվապահը ևս շեշտեց, որ այս կարգով մարվել են նաև այլ ՊՈԱԿ-ների հարկային պարտավորությունները: Ավելին, ըստ նրա՝ այսօր էլ դեռ կան ՊՈԱԿ-ներ, որոնք ԱԱՀ չեն վճարել ու շարունակում են չվճարել:

Ինչ վերաբերում է Ազգային արխիվի մատուցած վճարովի ծառայություններին, հաշվապահը հայտարարեց, որ դրանց դիմաց արխիվը հարկեր մշտապես վճարել ու վճարում է:

Ի դեպ, ազգային արխիվի նախկին ու ներկա պաշտոնյաները հայտնեցին, որ այս պահին արխիվում աշխատում են Ֆինանսների նախարարության վերստուգողները, որոնց աշխատանքը կտևի շուրջ 2 շաբաթ, որի ավարտին արձանագրված փաստերը պետք է քննարկվեին արդարադատության նախարարի հետ, և դրանից հետո միայն պետք է վերջնական որոշում կայացվեր՝ վնաս պատճառվե՞լ է արդյոք պետությանը և ում մեղքով:

Նշենք, որ այսօր «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանն արդարադատության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից։

Առաջին Հանրապետության 100-ամյակին ընդառաջ. ի՞նչ փաստաթղթեր է հրապարակելու ազգային արխիվը

ՊՈԱԿ-ում իրականացված հարկային ստուգումների վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկության համաձայն` Ամատունի Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում։ Արդյունքում հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել, ինչի հիման վրա էլ վերջինն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: