ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելով պաշտոնեական կեղծիք կատարելու և իրեն վստահված ուրիշի զգալի չափերի գույքը յուրացնելու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (3 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) (4 դրվագ) և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը):
Ազգային արխիվի տնօրենն ազատվել է պաշտոնից. չարաշահումներ են հայտնաբերվել
Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արագածոտնի մարզի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հիշեցնենք` մինչ այդ ՔԿ-ն հայտնել էր, որ Կարեն Եղիազարյանը մեղադրվում է ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ դիտավորությամբ վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառելու մեջ:
Նա 2017 թվականին Ապարան քաղաքի բնակչին թույլատրել էր սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի կառուցապատման հողամասերում առանց թույլտվության ինքնակամ շինություն կառուցել:
Հայաստանում պաշտոնատար անձինք խոշոր չարաշահումներ են թույլ տվել. ինչ կապ ունի Հռոմի պապը