ԵՐԵՎԱՆ, 7 Սեպտեմբեր — Sputnik. Սևան-Դիլիջան ավտոճանապարհին վթարի է ենթարկվել Իջևան-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶելը»։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 7-ին, ժամը 18։11-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ին բախվել են «Ford» մակնիշի և Իջևան-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները․ կա 12 տուժած։
Գեղարքունիքում որսի ժամանակ որդին անզգուշաբար կրակել է հոր վրա
Փրկարարների և քաղաքացիների համատեղ ուժերով 10 տուժած տեղափոխվել են Սևանի ԲԿ, երկու տուժած՝ Դիլիջանի ԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները։