ՌԱԴԻՈ

«Դա կարող է սպառնալ լրատվամիջոցի գոյությանը». Դոյդոյանը` Ալեն Սիմոնյանի առաջարկի մասին

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկին, որն առնչվում է մամուլի հրապարակումներում առկա վիրավորանքներին ու զրպարտությանը։
Sputnik
«Դա կարող է սպառնալ լրատվամիջոցի գոյությանը». Դոյդոյանը` Ալեն Սիմոնյանի առաջարկի մասին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մասնավորապես առաջարկել է վիրավորանքի համար նախատեսված նախկին մեկ միլիոն դրամը տուգանքը դարձնել 5 միլիոն, իսկ զրպարտության համար տուգանքը` 2 միլիոնից դարձնել 10 միլիոն դրամ։

Շուշան Դոյդոյանի դիտարկմամբ` դա սխալ ընտրված ճանապարհ է, ու թեև նպատակն ու ցանկությունը բարի է, բայցևայնպես այն միջոցը, որն ընտրվում է նպատակին հասնելու համար, ամենևին չի արդարացվում, ավելին` դաշտը լցվելու է բացասական պրոբլեմներով։ Ըստ նրա` դա կարող է մասնավորապես սպառնալ որոշ լրատվամիջոցներին`առաջացնելով ֆինանսական լրջագույն խնդիրներ, ընդհուպ մինչև փակում։

ԵԱՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը պատրաստվում է դատի տալ Pastinfo-ին․ մանրամասներ

«Չմոռանանք, որ կան լրատվամիջոցներ, որոնք միաժամանակ կարող են ներգրավվել մի քանի դատական գործընթացներում։ Այսօր էլ կան լրատվամիջոցներ, որոնց դեմ ներկայացվել է 10-12 հայց։ Լրատվամիջոցը միայն բացառիկ դեպքերում է ներգրավված լինում մեկ–երկու գործում։ Նման գործերի առատության և նման բարձր տուգանքների առկայության պարագայում դա կարող է ուղղակի սպառնալ լրատվամիջոցի գոյությանը, առհասարակ սպառնալ խոսքի ազատությանը»,– նշում է Դոյդոյանը։

Նա նշում է, որ նման նախաձեռնությունները չպետք է ցուցաբերվեն քաղաքական գործիչների կողմից, ովքեր ընտրված են կամ նշանակված, գտնվում են հանրային մեծ ուշադրության ներքո և նրանց յուրաքանչյուր նման քայլը կարող է առաջ բերել որոշակի վիճահարույց հրապարակումներ, այդ թվում`զրպարտական կամ վիրավորական արտահայտություններ։

«Այս պարագայում առաջարկը պետք է գա բացառապես լրագրողական հանրույթի կողմից և ոչ քաղաքական գործիչների, որոնք միշտ էլ երազում են, որպեսզի քննադատող և համարձակ հրապարակումներով հանդես եկող մամուլը լինի ճնշված և սահմանափակումների մեջ գործող։ Բոլորս էլ հասկանում ենք, որ մարդու պատիվն ու արժանապատվությունը կարևոր արժեքներ են, պետք է պաշտպանվեն։ Եվ այն իրավական լուծումները, որոնք այսօր տրված են Քաղաքացիական  օրենսգրքի հիման վրա, դատական հարուստ և նախադեպային իրավունքի վրա, ավելի քան բավարար են այդ խնդիրը լուծելու համար»,– նշում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահը։

«Լիդիան Արմենիան» դատի է տվել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին

Դոյդոյանի խոսքով` դրան զուգահեռ պետք է զարգանան ու ավելի մեծ ուշադրության արժանանան արտադատական մեխանիզմները։ Ներկայումս կան քաղաքական գործիչներ, ովքեր զրպարտող կամ վիրավորական հրապարակումների հանդիպելիս շտապում են ոչ թե արագ դատական հաշվեհարդար տեսնել մամուլի հետ, այլ փորձում են խնդիրը լուծել էթիկական միջավայրում։ Ըստ Դոյդոյանի` կան արտադատական մարմիններ, որոնք կարող են շատ ավելի մեծ, էական ազդեցություն ունենալ խնդրի լուծման գործում, մինչդեռ տուգանքներն արհեստականորեն բարձրացնելը ոչնչի, բացի բացասական հետևանքներից, չի բերի։