ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Աշխարհը պետք է դասեր քաղի կորոնավիրուսային իրավիճակից և պատրաստվի նոր համավարակների։ Այս կարծիքն է այսօր հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
Նրա խոսքով` հանրային առողջապահությունը սոցիալական, տնտեսական և քաղաքական կայունության հիմքն է` ուղղված հիվանդությունների կանխարգելմանը, բացահայտմանը և դրանց դեմ պայքարին:
«Սա վերջին համավարակը չէ։ Պատմությունը մեզ սովորեցնում է, որ բռնկումներն ու համավարակները կյանքի մի մասն են։ Բայց երբ վրա հասնի հաջորդ համավարակը, աշխարհը պետք է դրան ավելի պատրաստ լինի, քան այս անգամ»,-հայտարարել է Գեբրեյսուսը Ժնևում կայացած ճեպազրույցի ընթացքում։
ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը նշել է, որ շատ պետություններ կարողացել են դրական առաջընթաց գրանցել, քանի որ պատրաստ էին համավարակին ատիպիկ թոքաբորբի, կարմրուկի, մերձավորարևելյան շնչառական համախտանիշի, Էբոլայի և այլ հիվանդությունների բռնկումներից հետո:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել էր համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ էր արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։
Հնարավո՞ր է միաժամանակ հիվանդ լինել գրիպով և COVID-19–ով. պարզաբանում է փորձագետը