Ամուլսարում գիշերն անհանգիստ է եղել. կողմերը միմյանց են մեղադրում ծեծի ու սադրանքի մեջ

Կողմերից յուրաքանչյուրը տեղի ունեցածի վերաբերյալ իր տեսանյութն է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել, որում հայտարարում է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության նոր պահնորդական ծառայության աշխատակիցները անցած գիշեր հարձակվել ու ծեծի են ենթարկել այնտեղ հերթապահող ակտիվիստներին։

«Դաժան ծեծի են ենթարկել, ուղղակի քարշ տալով մտցրել են ներս ու սկսել են ծեծել։ Բանից պարզվում է, որ այս մարդիկ ավելի սադրիչ են, քան նախկինները»,– տեսանյութում հայտարարում է Բունիաթյանը` հավելելով, որ իրենց եզրակցությամբ «Լիդիանը» պահնորդներին հստակ առաջադրանք է տվել «ուժ կիրառել համայնքի բնակիչների նկատմամբ»։

Ամուլսարում լարված իրավիճակ է. մեծ թվով պահնորդներ են եկել

Նրա խոսքով` տեղի ունեցածին միջամտել են ոստիկանները, որի արդյունքում պահնորդները հարվածել են նաև ոստիկանության աշխատակցի, և ակտիվիստներից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց։

Իր հերթին «Լիդիան Արմենիան» ևս տեսանյութ է հրապարակել «Իրականությունը «խաղաղ ցուցարարների» ու «բնապահպանների» մասին» վերնագրով, որտեղ երևում է, որ ակտիվիստները «Լիդիանի» տարածքի մուտքի մոտից քարեր են նետում պահնորդների ուղղությամբ և քարով ջարդում տարածքում կայանված ավտոմեքենան։ Մեկ այլ դրվագում «Լիդիանի» տարածք մուտք գործած անձինք ոտքով հարվածում են տարածքը հսկող շներին։

Հիշեցնենք` «Լիդիան Արմենիա» ընկերությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ սեպտեմբերի 1-ից Ամուլսարի տարածքում տեղի է ունեցել պահնորդական ծառայության փոփոխություն՝ նախորդ պահնորդական ծառայության հետ պայմանագրի ժամկետի լրանալու հիմքով։

Ամուլսարի տարածքը կհսկեն նոր պահնորդները. «Լիդիան Արմենիան» պայմանագիր է կնքել

Տարածված հաղորդագրության մեջ նաև նշվում էր, որ օգոստոսի 31-ին Ամուլսարի շրջակայքում բողոքի կցիա իրականացնող ակտիվիստները փորձել են խոչընդոտել նոր պահնորդական ծառայության աշխատակիցների մուտքը պահպանվող տարածք։

Ըստ հաղորդագրության` 10-15 մարդուց բաղկացած խումբը փորձել է սադրել պահնորդական կազմակերպությանը` դիտավորյալ վնաս պատճառելով ընկերության գույքին՝ մեքենաների անվադողերի տակ տեղադրելով ինքնաշեն մեխեր։

«Լիդիան Արմենիան» աշխատատեղերի վերականգնման գործընթաց է սկսում