ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik․ Հայաստանում բոլոր խնդիրների լուծելու ձևը աշխատանքն է և ոչ թե իրար վրա գցելը։ Տավուշի մարզի Չինարի գյուղում չինարեցիների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սահմանապահ Այգեպարը նոր գույն է ստանում. Պապիկյանը նոր լուսանկարներ է հրապարակել
«Քաղաքացին չպիտի իր չանելը գցի կառավարության վրա, կառավարությունն էլ` քաղաքացու։ Տենց չի աշխատում։ Մենք պետք է իրար կողքի աշխատենք, իրար աշխատենք։ Մեր կարգախոսն էլ է դրա մասին` Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», – ասաց վարչապետը։
Նշենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը Նիկոլ Փաշինյանն արձակուրդում էր, դրանից հետո էլ ոչ աշխատանքային օրեր էին։ Այսօր նա վերադարձել է աշխատանքի և առաջին հերթին այցելել է սահմանամերձ Չինարի։ Չինարեցիներին նա շնորհակալություն հայտնեց հուլիսյան հաղթական մարտերում մեր Զինված ուժերին ամուր թիկունք կանգնելու համար։
Ապա ծանոթացավ բնակիչներից մեկի տան կառուցման աշխատանքների ընթացքին, այդ տունն ամբողջովին ավերվել էր հրետակոծության հետևանքով։
«Չինարիում ե՞րբ էր առաջին անգամ զրոյից տուն սարքվել, –դիմեց Փաշինյանը գյուղացիներին, և ի պատասխան ստանալով «Սովետից հետո` երբեք, պետությունը բան էլ չի սարքել» պատասխանները, շարունակեց, – եկեք ֆիքսենք, որ 90-ականներից հետո Չինարիում առաջին անգամ է պետությունը տուն սարքում։ Ու ստեղ դուք չպիտի ասեք` էս տունը իմ համար չի, հարևանի համար է։ Էս տունը ձեր բոլորի, մեր բոլորի, մեր պետության մասին է», – ավարտեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին փոխարինում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փաշինյանն արձակուրդն անցկացնում էր ընտանիքի հետ Հայաստանի տեսարժան վայրերում։