Վլադիմիր Գասպարյանի առանձնատան որոշ հատվածներ ապամոնտաժվում են. փաստաբանն այլ բան է պնդում

Վլադիմիր Գասպարյանի Սևանի առանձնատանն այս պահին շինարարական աշխատանքներ են կատարվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. «Ջրային կոմիտեում» խորհրդական աշխատող Սասուն Միրոյանը տեղեկացնում է, որ ապամոնտաժվում են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի Սևանի առանձնատան այն հատվածները, որոնք գտնվում են ծովի մակերևույթից մինչև 1903 մ նիշից ներքև: Միրոյանը լուրը հայտնել է Facebook սոցցանցի իր էջում։

«Սևանա լճի ափամերձ տարածքի բոլոր շենք-շինությունները, որոնք գտնվում են ծովի մակերևույթից մինչև 1903 մ նիշից ներքև կապամոնտաժվեն։ Այս պահին ապամոնտաժվում են Գասպարյանի առանձնատան որոշ հատվածներ»,–գրել է նա։

Դրան հաջորդել է փաստաբան Տիգրան Աթանեսյանի արձագանքը, որն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ոչ ոք չի եկել և չի քանդում Գասպարյանի ամառանոցը: Նրա խոսքով` հին և վաղուց չօգտագործվող շինությունը քանդվում է Գասպարյանի ցուցումով ՝ լողափի տարածքը բարեկարգելու համար։

«Դժվար թե մեկը գար ու քանդեր»,–գրել է Աթանեսյանը։

Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործով չարաշահումներ են բացահայտվել. նոր քրգործ է հարուցվել

Միրոյանն ավելի ուշ ևս մեկ գրառում է արել` ասելով, որ հատուկ չի նշել, թե որ գերատեսչությունն է աշխատանքներն իրականացնում, քանի որ կար ինֆորմացիա, որ հենց նախկին ոստիկանապետի կողմից է դա իրականացվում։ Նրա խոսքով` Սևանում մինչև 1903.5 մ նիշից ներքև ընկած ցանկացած կառույցի ապամոնտաժում չի կարող լինել քաղաքական հայացքների կամ ինչ-որ շահարկումների թեմա։

Հիշեցնենք, որ հունիսին հայտնի դարձավ, որ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքերով։ Մասնավորապես,ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել էին ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս: