Ռուսաստանը Բեռլինին կոչ է անում արագ արձագանքել Նավալնու վերաբերյալ հարցումներին. Զախարովա

Ռուսաստանը շահագրգռված է և ցանկանում է պարզաբանել իրավիճակը, դրա համար հարկավոր են տեղեկություններ Գերմանիայից, որոնք առ այսօր չեն ստացվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը Գերմանիային կոչ է անում օպերատիվ պատասխանել ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնիի վերաբերյալ Մոսկվայի հարցումներին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք մի քանի անգամ կոչ ենք արել Բեռլինին օպերատիվ պատասխանել համապատասխան հարցումներին։ Չէ՞ որ եթե խոսքը հետաքննության մասին է (Հյուսիս-ատլանտյան դաշինքի մեր արևմտյան գործընկերները կոչ են անում միջազգային հետաքննություն սկսել), և անգամ անկախ դրանից, եթե խոսքը հետաքննության մասին, այն այնուամենայնիվ պետք է ընթանա իրավական հարթությունում։ Այդ ճանապարհով էլ ընթանում ենք»,-ասել է նա «Россия 24» հեռուստաալիքի եթերում։

Նավալնու վերաբերյալ գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը հրապարակվել է

Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Հեիկո Մաասը հայտարարել էր, որ «ամենամոտ ժամանակներս» Նավալնու դեպքի կապակցությամբ Ռուսաստանից գործողությունների է սպասում, հակառակ դեպքում Բեռլինը գործընկերների հետ կքննարկի պատասխան միջոցառումները։ Պատասխանելով այն հարցին, թե որքանով է համոզված, որ Նավալնու խնդրում մեղավոր է ռուսական պետությունը, Մաասն ասել է, թե «դրան բազմաթիվ հղումներ կան, ուստի ռուսական կողմը հիմա մարտահրավերի առաջ է կանգնած»։

Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա տանող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել են նյութափոխանակության խանգարումը, որն առաջացրել է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկի անկում։ Խանգարման պատճառը դեռ պարզ չէ, բայց Նավալնու արյան և մեզի մեջ թույնի հետքեր, Օմսկի բժիշկների տվյալներով, չեն հայտնաբերվել։

Ավելի ուշ ընդդիմադրին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն իբր թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ  Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի: ՌԴ ԱԳՆ-ում, մեկնաբանելով գերմանական կառավարության հայտարարությունը, նշել են, որ ռուսական կողմը սպասում է Գերմանիայի պատասխանին:

Նավալնու ախտանշանները բոլորովին նման չեն «Նովիչոկով» թունավորման նշաններին․ Ռինկ

Դեռ Նավալնուն հիվանդանոց տեղափոխելու օրը ստուգումներ սկսեցին դատախազությունը և ոստիկանությունը։ Բեռլինում ՌԴ դեսպանատունը ասում էր, որ գերմանական կողմից հնարավորինս օպերատիվ պատասխան են ակնկալում Նավալնու գործով իրավական օգնություն ցուցաբերելու մասին ՌԴ Գլխավոր դատախազության օգոստոսի 27-ի հարցմանը: