Ադրբեջանը չի մասնակցի Ռուսաստանում կայանալիք «Կովկաս- 2020» զորավարժություններին

Ադրբեջանից երկու զինծառայող ներկա կլինի Ռուսաստանում կայանալիք զորավարժություններին, սակայն նրանք դիտորդի կարգավիճակ կունենան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանը չի մասնակցի այս սեպտեմբերին Ռուսաստանում կայանալիք «Կովկաս 2020» զորավարժություններին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՀՀ-ում մեկնարկել է ռուսաստանցի զինծառայողների հետ համատեղ զորավարժությունը

«Ադրբեջանցի զինծառայողները չեն մասնակցի Ռուսաստանում կայանալիք «Կովկաս 2020» զորավարժություններին, որոնք ծրագրված են այս տարվա սեպտեմբերին: Վերոհիշյալ զորավարժություններին նախատեսվում է երկու զինծառայող ուղարկել` որպես դիտորդ»,-գրել է ՌԻԱ Նովոստիին` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, որ չեն մասնակցի «Կովկաս 2020» մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին։ Պատճառը կորոնավիրուսային իրավիճակն է և դրանից բխող բարդությունները։

Ի՞նչ կապ կա ՀԱՊԿ զորավարժությունների ու տավուշյան դեպքերի միջև. պարզաբանում է Վերանյանը

«Կովկաս 2020» զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերին` Ռուսաստանի հարավում: Ծրագրվում էր, որ դրանց կմասնակցեն մի քանի երկրների զորամիավորումներ, այդ թվում` Իրանից, Մյանմայից և Պակիստանից:

Նշենք, որ վերջին օրերին Մոսկվայում ՇՀԿ, ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցող ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը նշել էր, որ ստեղծված պայմաններում առանձնահատուկ կարևորություն է ստանում պաշտպանական բազմակողմ համագործակցության հետագա խորացման և ընդլայնման հարցը, ընդ որում` առաջին հերթին ԱՊՀ, ՇՀԿ և ՀԱՊԿ շրջանակում: Դա, նախարարի կարծիքով, թույլ կտա կոնսոլիդացնել պատասխանատու և հետևողական հավաքական ջանքերը ՝ պատերազմների և զինված հակամարտությունների սանձազերծման սպառնալիքի կանխման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ: