ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը Facebook-ում հայերեն և ֆրանսերեն շնորհավորել է Գյումրու տոնն ու քաղաքը խորհրդանշող լուսանկարներ հրապարակել:
Ֆրանսիայի դեսպանն ուրախ տոն է մաղթել Գյումրիին ու գյումրեցիներին։
«Հայ ժողովրդի տոկունության խորհրդանիշ Գյումրին այսօր Հայաստանի կենսունակության ապացույցն է։ Քաղաքի բացառիկ պատմական ժառանգությունը և նրա բնակիչների դինամիզմը Գյումրին դարձնում են մշակութային մայրաքաղաք»,– գրել է Լաքոտը։
Դեսպանը նաև հայտնել է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հպարտ է մասնակցելու Գյումրու նորացմանը և աջակցելու քաղաքում ֆրանսիական մշակույթի և լեզվի զարգացմանը` Գյումրու համալսարանի, ֆրանսերենի խորացված ուսուցմամբ N10 և N 45 դպրոցների, SPFA Հայաստան և KASA կենտրոնների հետ միասին։
«Եվ չմոռանանք քաղաքի ռեստորանատերերին և Տիրամայր Հայաստանի Պօղոսեան Կրթահամալիրը, որոնց հետ համատեղ 2019 թվականին կազմակերպել էինք « Goût de France »/ Ֆրանսիայի համը գաստրոնոմիկ միջոցառումը։ Տոնդ շնորհավո՛ր, Գյումրի»,– գրել է դեսպանը։
Ինչպես գյումրեցի տղամարդը սկսեց յուրօրինակ կտավներ ստեղծել գրչով
Հիշեցնենք` այս տարի «Գյումրու օր» տոնակատարությունը՝ պայմանավորված աշխարհում տիրող համավարակային իրավիճակով և Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ, անցկացվելու է առցանց ՝ «Իմ սեր Գյումրի» խորագրով։ Գյումրու օրվա կապակցությամբ այսօր հնարավոր է առցանց էքսկուրսիա կատարել Ասլամազյան քույրերի պատկերասրահ, Գյումրու պատմության թանգարան, Հովհաննես Շիրազի հուշատուն–թանգարան, Գյումրու համայնքային ցուցասրահ, Ավետիք Իսահակյանի տուն–թանգարան, Մհեր Մկրտչյանի թանգարան, «Մայր Հայաստան» հուշահամալիր։ Ժամը 20։00-ին տոնական առցանց համերգ է նախատեսված։
Գյումրին սիրելու նուրբ արվեստը, կամ ինչպես Դերենիկը գնեց Դերենիկի տունը