Փաստաբան Փաշաևն ասել է` քանի տարվա ազատազրկման կդատապարտեն Միխայիլ Եֆրեմովին

Փաստաբանը հարցազրույց է տվել ռուսական հեռուստաալիքին և դերասան Միխայիլ Եֆրեմովի դատավճռի վերաբերյալ կանխատեսում արել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. Հնարավոր է` դերասան Միխայիլ Եֆրեմովին 6-8 տարվա ազատազրկման դատապարտեն: Նման կարծիք է հայտնել նրա փաստաբան Էլման Փաշաևը «Մոսկվա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Մոսկվայում մեկ մարդու մահվան պատճառ դարձած վթարի փաստով հարուցված քրեական գործով մեղադրյալ Միխայիլ Եֆրեմովն ավելի վաղ ընդունել էր իր մեղքը։

«Վեցից ութ տարի ընդհանուր ռեժիմի գաղութում», – ասել է Փաշաևը` պատասխանելով լրագրողի հարցին:

Սպասվում է, որ Եֆրեմովի դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 8-ին: Մեղադրող կողմը պահանջում է դերասանին 11 տարվա ազատազրկման դատապարտել խիստ ռեժիմի գաղութում։

Հիշեցնենք, որ Եֆրեմովի նկատմամբ հարուցած քրեական գործն առնչվում է Մոսկվայի կենտրոնում` Սադովոյե կոլցոյում, հունիսի 8-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին։ Քննության վարկածով` դերասանը «Jeep Grand Cherokee»–ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Լադային»։

«Լադայի» վարորդը` առաքիչ Սերգեյ Զախարովը, ժամեր անց մահացել է հիվանդանոցում։ Վթարի ժամանակ դերասանը ոչ սթափ վիճակում է եղել։