Նավալնու վերաբերյալ գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը հրապարակվել է

Նիքն ու Մայքը քննարկում են նաև Բելառուսում և Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Բելառուսի պետական հեռուստաընկերությունը տարածել է Վարշավայի և Բեռլինի միջև կայացած հեռախոսազրույցի ձայնագրությունը, որը վերաբերում է Ալեքսեյ Նավալնու թեմային։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը։

Զրուցակիները խոսում են անգլերեն, զրույցը մոտ 1 րոպե է տևում։ Խոսակցության ընթացքում հիշատակվում են նաև Բելառուսում և Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները։

Ըստ հեռուստաալիքի` գերմանացի ներկայացուցիչը զրույցի ընթացքում ասում է, որ տվյալ դեպքում Նավալնու թունավորման ապացույցն անհրաժեշտ չէ, քանի որ պատերազմի ժամանակ բոլոր մեթոդներն արդարացված են։

Նրա լեհ զրուցակիցն էլ ավելացնում է` պետք է այնպես անեն, որ կոտրեն Պուտինի` Բելառուսի գործերի մեջ քիթը խոթելու ցանկությունը և ՌԴ նախագահին թաղեն խնդիրների մեջ։

Բանակցությունների մասնակիցներից մեկի խոսքով` պարզվում է` Ալեքսանդր Լուկաշենկոն պինդ ընկույզ է, իսկ բելառուսները` պրոֆեսիոնալ և կազմակերպված։

Նշենք` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բեռլինի և Վարշավայի միջև կայացած զրույցի գաղտնալսման մասին հայտնել էր Մինսկում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք`  օգոստոսի 20-ին ինքնաթիռը, որով Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին Տոմսկից մեկնում էր Մոսկվա, արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում։ Նրան տեղափոխել էին №1 շտապօգնության հիվանդանոց։ Նույն օրը հիմնադրամի նախագահի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել էր, որ Նավալնին կոմայի մեջ է, կասկածում են, որ նրան թունավորել են։ Ավելի ուշ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախոսկին ասաց, որ բժիշկների կարծիքով՝ հիմնական ախտորոշումն այն է, որ Նավալնու նյութափոխանակությունը խախտվել է, ինչի հետևանքով արյան մեջ շաքարի պարունակությունը կտրականապես իջել է։

Օգոստոսի 22-ին Նավալնուն տեղափոխեցին Գերմանիա։ Գերմանիայի կառավարությունը սեպտեմբերի 1–ին հայտարարեց, որ բունդեսվերի լաբորատորիայի մասնագետները պարզել են` Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:

ՌԴ ԱԳՆ-ում, մեկնաբանելով գերմանական կառավարության հայտարարությունը, նշել են, որ ռուսական կողմը սպասում է Գերմանիայի պատասխանին: