ՀՀ ՊՆ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված Գուրգեն Ալավերդյանի ընտանիքին

Գնդապետը հավաստիացրել է, որ ՊՆ–ի իրավասությունների շրջանակում կարվի հնարավոր ամեն ինչ խնդիրներին լուծում տալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ ներկայացուցիչները՝ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի գլխավորությամբ, այցելել են Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի ընտանիքին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Գնդապետ Ավետիսյանը հետաքրքրվել է ընտանիքի սոցիալ-տնտեսական, առողջական վիճակով և հավաստիացրել, որ ՊՆ–ի իրավասությունների շրջանակում կարվի հնարավոր ամեն ինչ խնդիրներին լուծում տալու համար»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության (ԶԱՍՊ և ՎՀ ԳՎ) պետը սպայի ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում Գուրգեն Ալավերդյանի` Ադրբեջանի Հանրապետության տարածքում հայտնվելու հանգամանքները պարզելու, ինչպես նաև նրա կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:

Կարևորը` նա առողջ ու անվտանգ լինի. Դավիթ Տոնոյանը խոսել է Ադրբեջանում հայտնված սպայի մասին

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ–ն հայտնել էր` օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել ու մոլորվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ–ն գերի է վերցրել «դիվերսանտի»։ Դրանից հետո ադրբեջանական կողմը տեսագրություն տարածեց, որտեղ Գուրգեն Ալավերդյանը մի տեքստ էր կարդում, որ իբր ուզում է մնալ Ադրբեջանում։

Դատապարտում ենք. ԱԳՆ–ն Ադրբեջանում հայտնված հայ սպայի վերաբերյալ հայտարարություն է տարածել