Հաջորդ տարի տեղը հանելու ենք. ինչպես Գյումրին նշեց իր տոնը

Գյումրու քաղաքապետն անձամբ փորձարկեց նոր միկրոավտոբուսները, աննախադեպ անձրևի ու կարկուտի հետևանքով տուժած ընտանիքները նոր բնակարանի բանալի ստացան, իսկ Յուրի Վարդանյանի մայրը բացեց որդու անվան ծանրամարտի մարզադպրոցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Գյումրին այսօր հերթական անգամ նշեց իր տոնը, բայց ի տարբերություն անցած տարիների` այս տարի արտակարգ դրությունը կանոններ թելադրեց, ու հիմնական միջոցառումներն առցանց հարթակ տեղափոխվեցին:

Գյումրին առաջին անգամ էր տոնը նշում առանց կառավարական պատվիրակության ու մեծաթիվ հյուրերի, սակայն դա չստիպեց, որ օրն անշուք անցնի:

«Անխոս անսովոր է, բայց ոչինչ, հաջորդ տարի տեղը հանելու ենք, երկու անգամ ենք նշելու»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում կատակեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Օրը սկսվեց քաղաքի հայտնի մարդկանց տեսաշնորհավորանքով: Քաղաքի բոլոր թանգարաններն առցանց էքսկուրսիաներ են կազմակերպել: Համերգներն ու երգի պրեմիերան ողջ օրվա ընթացքում առցանց հարթակում են, բայց կարմիր ժապավեններ ու գյումրեցիների համար նախատեսված նվերներ ևս եղան:

Գյումրու տոնին գյումրեցիները միկրոավտոբուսներ ստացան. սուբվենցիոն ծրագրով գնված ավտոբուսները բավականին հարմարավետ են: Առաջինը ղեկի դիմաց նստեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Մեր հարցին՝ հարմարավե՞տ էր, քաղաքապետը պատասխանեց. «Շատ, շատ, հրաշք է ուղղակի»:

Հաջորդ տարի տեղը հանելու ենք. ինչպես Գյումրին նշեց իր տոնը

Ծրագիրը պիլոտային է, և այս պահին ձեռք է բերվել միայն 3 տրանսպորտային միջոց` մոտ 43 մլն դրամ արժեքով: Գումարի 50 տոկոսը ներդրել է կառավարությունը, 50-ը՝ համայնքը: Ավտոբուսներից մեկը նախատեսված է Գյումրի այցելող հյուրերի համար, մյուս երկուսն ուզում են օգտագործել որպես սովորական տրանսպորտային միջոց քաղաքի երթուղային ցանցում:

«Հիմա կփորձարկենք: Տեսնենք` ինչպես կաշխատի, եթե նորմալ եղավ, հաջորդ տարի կրկին սուբվենցիայով կբերենք նման ավտոբուսներ, որպեսզի քաղաքի երթուղային ցանցի խնդիրները վերջապես կարողանանք կարգավորել»,-ասաց Բալասանյանը:

Օրվա ամենալավ նվերը տնակներից քարաշեն տուն տեղափոխված ընտանիքներինն էր. Գյումրիում այս տարվա հուլիսին գրանցված աննախադեպ անձրևի ու կարկուտի հետևանքով առավել տուժած 6 ընտանիք բնակարանի բանալիներ ստացան: Բնակարանները կառուցվել են Գյումրու համայնքապետարանի և «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ և բնակիչներին հանձնվեցին կահավորված:

Տոնդ շնորհավոր, Գյումրի. Ֆրանսիայի դեսպանը կոլորիտային լուսանկարներ է հրապարակել

Հաջորդ տարի տեղը հանելու ենք. ինչպես Գյումրին նշեց իր տոնը

«Բայց դուք պարտադիր պետք է տնակները քանդեք: Եթե տնակները չքանդեք, բանալիները հետ ենք վերցնելու. պայմանը սա է»,-բանալիների հանձնման ժամանակ ասաց Գյումրու քաղաքապետը։

Հաջորդ տարի տեղը հանելու ենք. ինչպես Գյումրին նշեց իր տոնը

Օրվա ընթացքում վերաբացվեց վերանորոգված «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը:

Հաջորդ տարի տեղը հանելու ենք. ինչպես Գյումրին նշեց իր տոնը

Հաճախակի այցելենք Գյումրի. Արմեն Սարգսյանը շնորհավորել է քաղաքի տոնը

Ի ուրախություն գյումրեցիների քաղաքը նվեր ստացավ նաև նոր մարզադպրոց. համայնքի միջոցներով կառուցվել և շահագործման է հանձնվել Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը, որի վերակառուցման համար ծախսվել է մոտ 21 մլն դրամ։ Շինաշխատանքները մեկնարկել էին անցած տարի: Բացման պատիվը վերապահվել էր անվանի ծանրամարտիկի մայրիկին: «Ուրախություն ու հուզմունք եմ զգում: Ճիշտ է` տղաս չկա, բայց ուրախ եմ, որ իմ Յուրիկիս այսպես եք հիշում»,- ասաց անվանի մարզիկի մայրը՝ Ասյա Վարդանյանը` վստահեցնելով, որ որդու անունը կրող մարզադպրոցը արժանի ծանրամարտիկներ կունենա:

Հաջորդ տարի տեղը հանելու ենք. ինչպես Գյումրին նշեց իր տոնը

Այսօր պաշտոնապես բացվեցին նաև «Կենտրոնական գրադարանի», «Պատմության թանգարանի» ու համայնքային ցուցասրահի դռները, իսկ երեկոյան 8-ին Գյումրու քաղաքապետարանը բոլորին հրավիրում է միանալու «Գյումրու օր» տոնակատարության առցանց համերգին:

Հաջորդ տարի տեղը հանելու ենք. ինչպես Գյումրին նշեց իր տոնը