ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբների ղեկավարներ Օնիկ Գասպարյանն ու Վալերի Գերասիմովը ՌԴ–ում կայացած հանդիպման ժամանակ ռազմական ոլորտի համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Հանդիպման ընթացքում Գերասիմովը փաստել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը զարգանում է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների ու նախևառաջ ՀԱՊԿ–ի շրջանակում։
Նա շնորհակալություն է հայտնել Գասպարյանին հունիսի 24-ին Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթին ՀՀ ԶՈւ զորախմբի մասնակցության համար։ Գերասիմովը հատուկ նշել է հայ զինծառայողների բարձր պատրաստվածության մակարդակը։
«Բարի ավանդույթ է դարձել Միջազգային բանակային խաղերի մրցույթներին հայերի մասնակցությունը։ Եվ այս տարի Հայաստանի թիմերը շատ լավ ելույթ ունեցան», – ասել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը։
Գասպարյանն իր հերթին երախտիքի խոսքեր է ասել գործընկերոջը Հայաստանում կորոնավիրուսի հետևանքների վերացման հարցում ռուս զինծառայողների օգնության համար։
«Հայաստան ժամանած Ռուսաստանի ԶՈւ մասնագետների խումբը շուրջ 5 ամիս կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված հսկայական աշխատանք է կատարել, ինչի համար շնորհակալ ենք», – նշել է Գասպարյանը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և Երևանում կարևոր նշանակություն են տալիս Մոսկվայի հետ հարաբերությունների զարգացմանը։