ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի հետ ուղևորափոխադրումների վերականգնումը Հայաստանի իշխանությունների իրավասության սահմաններից դուրս է։ Այսօր ԱԺ–ի մոտ ՌԴ մեկնելու համար բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Չհավատաք, որ մեկը գա ձեզ ասի՝ այդ հարցը լուծելու է․ այդ հարցը մեր ձեռքում չէ, որ կարողանանք լուծել, մենք հիմա բանակցում ենք ամենօրյա ռեժիմով, փորձում ենք չվերթերը վերականգնել ոչ միյան ձեզ համար, այլև, որ մարդիկ գան այստեղ, փող մտնի երկիր, տնտեսությունը չփլվի. հյուրանոցները դատարկ են»,– ասաց Սիմոնյանը:
ԱԺ փոխնախագահը բողոքի ակցիայի մասնակիցներին վստահեցրեց, որ Հայաստանի հետ օդային ու ցամաքային սահմանները փակելու որոշումը ոչ թե Հայաստանի, այլ Վրաստանի ու Ռուսաստանի իշխանությունների որոշումն է։ Իսկ հայկական կողմն անում է հնարավորը դրանք դարձյալ բացելու ուղղությամբ, բայց առայժմ անարդյունք։
«Հիմա ՌԴ ուղևորափոխադրում չի լինելու, ՌԴ-ն ու Վրաստանը թույլ չեն տալիս, բայց ես ենթադրում եմ՝ շատ երկար չի տևելու, մի ամսվա ընթացքում ռուսների հետ կբանակցենք, վրացիների հետ չենք կարողանալու»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հոկտեմբերի 31-ին Վրաստանում համապետական ընտրություններ են, և վերջիններս երկիրը չեն բացելու, մինչև ընտրությունները չավարտվեն։
Ի պատասխան բողոքի ակցիայի մասնակիցների այն դիտարկմանը, թե ուզում են իրենց ընտանիքների հետ միանալ, Սիմոնյանն առաջարկեց ընտանիքի անդամներին բերել Հայաստան` խոստնալով այդ հարցում իրենց աջակցությունը։
Հավաքվածները, սակայն, չընդունեցին առաջարկը` հայտարարելով, որ Հայաստանում ապրուստի միջոց չունեն։
Հիշեցնենք, որ ՌԴ մեկնել ցանկացողները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում ՀՀ կառավարության շենքի դիմաց` պահանջելով բացել ՌԴ մեկնելու ճանապարհը։
Ճգնաժամ, քաղաքական ակտիվություն, բողոքի ակցիաներ. ինչպիսի աշուն է կանխատեսում քաղաքագետը