ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների 2020-2021 ուստարվա ուսումնական պլանները:
Դրանց համաձայն` դպրոցներում դասերը կսկսվեն 2020թ. սեպտեմբերի 14-ին, կավարտվեն 2021թ. հունիսի 4-ին։ Հանրակրթական ուսումնական բոլոր հաստատություններում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ։ Դասի տևողությունը սահմանվել է 45 րոպե:
Կորոնավիրուսի համավարակը դպրոցականներին աշնանային ու ձմեռային արձակուրդներից չի զրկի։ Նախարարի հրամանով` 3-12-րդ դասարանցիներն աշնանը արձակուրդ կգնան նոյեմբերի 2-ից 15-ը, ձմռանը՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 10-ը։ Իսկ գարնանը արձակուրդ չեն ունենա։ Գարնանը կհանգստանան միայն առաջին ու երկրորդ դասարանցիները։
Առաջին դասարանցիներին աշնանային արձակուրդները կտրվեն նոյեմբերի 2-ից 15-ը, ձմեռայինը՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 24-ը, գարնանայինը` մարտի 22-ից ապրիլի 4-ը։
Երկրորդ դասարանցիներին աշնանային արձակուրդները կտրվեն նոյեմբերի 2-ից 15-ը, ձմեռայինը՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 17-ը, իսկ գարնանայինը՝ մարտի 22-ից 28-ը:
Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները կսահմանեն դրանց ղեկավարները` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով նախարարությանը:
Որոշ աշակերտներ դպրոց կհաճախեն 3 օր. ծնողները մտահոգ են` ամեն ինչ թողնում են իրենց վրա