Մեսսին փոշմանե՞լ է. նա ուզում է ևս մեկ խաղաշրջան անցկացնել «Բարսելոնայում». ԶԼՄ

Արգենտինացին չի ձգտում կռվով հեռանալ ակումբից, որտեղ անցկացրել է իր ամբողջ կարիերան, ուստի հիմա մտածում է թիմ վերադառնալու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հակված է առայժմ չխզել պայմանագիրը և մտադիր է ևս մեկ մրցաշրջան անցկացնել կատալոնական ակումբում, հաղորդում է Marca-ն:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մեսսին պատրաստ է հեռանալ «Բարսելոնայից» և խզել պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2021 թվականին: Նա հայտարարել է անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու ցանկության մասին։ Նշվում էր, որ անգլիական ակումբի սեփականատերերը հասկանում են, որ թիմի կազմում Մեսսիի ընդգրկումը բարդ գործընթաց է։ Նրանք պատրաստ են օգտագործել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները և լուրջ ծախսեր անել։ Ընդ որում, ակումբի սեփականատերերը հույս ունեն, որ «Բարսելոնան» ֆուտբոլիստի համար ընդունելի գին կպահանջի:

Մխիթարյանը դավաճան չէ. ինչու են դավադրություններ փնտրում Հենրիխի` խաղին չմասնակցելու մեջ

Սակայն «Բարսելոնայի» դիրքորոշումն այս հարցում շատ կոշտ է. ակումբը հայտարարել է, որ ֆուտբոլիստը կարող է դա անել միայն դատարանի միջոցով։ «Բարսայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն պահանջում է, որ Մեսսին երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ մինչև 2022 թվականը, սակայն վերապահումով, որ ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Բարսելոնայից» հաջորդ տարվա ամռանը, եթե ցանկանա: Բացի այդ, ակումբի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ Մեսսին կարող է «Մանչեսթրի» համար 700 միլիոն եվրո արժենալ։

Արգենտինացին չի ձգտում այդ կերպ հեռանալ ակումբից, որտեղ անցկացրել է իր ամբողջ կարիերան, ուստի հիմա մտածում է թիմ վերադառնալու մասին։

Ավելի վաղ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, հայտարարել էր, որ իր համար դժվար է պատկերացնել, որ որդին կմնա կատալոնական ակումբի կազմում: Նա ստեղծված իրավիճակը գնահատել է բավական բարդ։ ԶԼՄ-ների այն հարցին, թե ինչպես է տեսնում որդու ապագան «Բարսելոնայի» կազմում, նա ասել է. «Ծանր է, ծանր»։

Մեսսին հեռանու՞մ է «Բարսելոնայից». արգենտինացի հարձակվողի «գլխի համար» որս է սկսվել

Նա չգիտի՝ արդյո՞ք Մեսսին կլքի «Բարսան», «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլոյի հետ այդ մասին չի զրուցել։

Այս պահի դրությամբ Մեսսին ներկա չի եղել «Բարսելոնայի» ոչ մի մարզման՝ «կապտանռնագույնների» նոր մարզիչ Ռոնալդ Կումանի ղեկավարությամբ, ինչպես նաև չի մասնակցել կորոնավիրուսի թիմային թեստին։

Մեսսիի՝ ակումբից հեռանալու մասին խոսակցությունները հայտնվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով վճարումների հետ կապված նրա դժգոհության ֆոնին։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2021թ․-ի ամռանը։

33-ամյա Լիոնել Մեսսին արգենտինացի ֆուտբոլիստ է, իսպանական «Բարսելոնայի» հարձակվողն է և թիմի ավագը, 2011 թվականից՝ Արգենտինայի ազգային հավաքականի ավագը: Ճանաչվել է «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։