Ապրել կորոնավիրուսի հետ ու տուգանվել. թեժ քննարկում Ազգային ժողովում

Բուռն քննարկումներից հետո ՀՀ ԱԺ–ն 80 կողմ, 28 դեմ և 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ հաստատեց կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Կարանտինի ռեժիմը հնարավորություն է տալիս որոշակի սահմանափակումներ պահպանելով` վերացնել արտակարգ դրությունը։ Այսօր ԱԺ–ում, կառավարության առաջարկած նոր օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Սեպտեմբերի 12-ից Հայաստանում կարանտին կհայտարարվի. փոխնախարարը հաստատեց

«Այս սահմանափակումները առնվազն մեզ թույլ են տալու վերադառնալ բնականոն կյանքին` հաշվի առնելով այն համաշխարհային տենդենցը, որ մենք պետք է սովորենք ապրել Covid–ի պայմաններում»,– ասաց Վարդանյանը։

Նա նաև շեշտեց, որ մինչև տարվա վերջ կորոնավիրուսային ֆոնը կպահպանվի, և անհրաժեշտ են լինելու համապատասխան միջոցառումներ` հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար։

«Իսկ այն սահմանափակումները, որ մտավախություններ էին առաջացնում որոշ շրջանակների մոտ` կապված տեղորոշման համակարգի հետ, վերացվել են։ Մենք այս ռեժիմի պարագայում գտնվելու ենք մի պայմանում, որ ավելի մոտ է բնականին»,– ասաց Վարդանյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, սակայն, չի կիսում Վարդանյանի լավատեսությունը։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն իր ելույթում արձանագրեց, որ նոր օրենսդրական նախաձեռնությամբ կառավարությունը 11-ով ավելացնում է քաղաքացիների նկատմամբ կիրառվող տուգանքները։

190 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 44461

«Բացի այդ, տուգանքների չափերը ձեզ մոտ նշված են շատ մեծ միջակայքով,– ասաց պատգամավորը` դիմելով կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանին,– Օրինակ` ունեք 150-500-ապատիկ, 100-300-ապատիկ։ Այսինքն` տարբերությունը շատ մեծ է, սակայն, մանրամասն չի նշված, թե որ դեպքում որ չափը պետք է կիրառվի նույն հոդված նույն կետի խախտման վերաբերյալ»,– ասաց նա։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ տեսակետ հայտնեց, որ «արտակարգ դրությանը» փոխարինող «կարանտին» ձևակերպումը ևս ՀՀ քաղաքացիների համար խնդիրներ է առաջացնելու երկրի սահմանները հատելու դեպքում։

«Ես կարծում եմ, որ բերված փաթեթը հայտնի «хотели как лучше, получилось как вседга» տարբերակով, շատ ավելի մեծ խնդիրներ է առաջացնելու,– ասաց Զոհրաբյանը,– Չի կարող գործադիրը, մարզպետը, քաղաքապետը իր որոշմամբ սահմանափակել քաղաքացու սահմանադրական իրավունքները»։

«Թանկարժեք» արտակարգ դրությունը. որքան են տուգանվել քաղաքացիները, և ինչքան է լցվել բյուջեն

Ներկայացված վիճակով կառավարության բերած նախագիծն ընդդիմադիր պատգամավորներն անընդունելի են համարում` առաջարկելով գործադիր իշխանությանը դրանում փոփոխություններ կատարել։

Պատասխանելով ընդդիմության բարձրացրած խնդիրներին` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը շեշտեց, որ բերված նախագծով նոր տուգանքներ չեն ավելացվում։

«Նոր տուգանքների մասին չէ խոսքը։ Քանի որ արտակարգ դրության իրավական ռեժիմից դուրս ենք գալիս, իսկ այդ տուգանքները վերաբերում էին արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումներին, ապա անհրաժեշտ է սահմանել համանման տուգանքներ, որպեսզի պայքարն արդյունավետ լինի»,– մեկնաբանեց նա։

Փոխնախարարը նաև շեշտեց, որ կարանտինի պարագայում պարետի ինստիտուտը վերանում է և կարանտինի ռեժիմի վերահսկողությունը վերապահվելու է արդեմ ՏԻՄ կամ համապատասխան պետական մարմիններին։

Արտակարգ դրությունը կդադարեցվի, փոխարենը կարող է սահմանվել կարանտին որոշակի տարածքում

Ինչ վերաբերում է սահմանների բացմանը, զանգվածային միջոցառումներին ու բժշկական դիմակներ դնելուն, Ռաֆիկ Գրիգորյանը պարզաբանեց, որ այս հարցերը թողնվել են կառավարության իրավասությունների տիրույթում։

Բուռն քննարկումներից հետո ԱԺ–ն 80 կողմ, 28 դեմ և 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ հաստատեց կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթը։ Երկրորդ ընթերցմամբ փաթեթի քննարկումը նախանշված է այսօր, ժամեր անց։

Մինչ երկրորդ ընթերցում ԱԺ խմբակցությւնները 3 ժամ ունեն իրենց առաջարկները ներկայացնելու։

Ինչ խնդիր է լուծում ՀՀ իշխանությունը` արտակարգ դրությունը երկարաձգելով

Հիշեցնենք` սեպտեմբերի 12-ից հետո Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը կփոխարինվի կարանտինով։ Համապատասխան օրենսդրական փաթեթն այս պահին քննարկվում է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանում։