Հրշեջի գործը երակներում, կամ ինչու են փրկարարներին Գյումրիում «գիժ» կոչում

Փրկարարի օրվա առթիվ Sputnik Արմենիան զրուցել է Ալեքսան Գյոզալյանի հետ։ Գնդապետը հրշեջ-փրկարարի գործի դժվարություններն իր մաշկի վրա  է զգացել. կյանքի 40 տարին կրակի միջով է անցել, բայց ասում է` եթե նորից մասնագիտություն ընտրելու լիներ, նույն  ճանապարհը կընտրեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ուժեղ կամք ու կարգապահություն։ Սրանք են այն կարևորը գծերը, որոնք առաջնային են փրկարարի համար։ Հրշեջ-փրկարարի գործն ընտրած Ալեքսան Գյոզալյանը սրանում համոզված է: Դժվարությունները շատ են, բայց որ սիրեցիր ու նվիրվեցիր՝ վերջ,  էլ ոչինչ չի կարող ստիպել, որ փոխես ճանապարհդ։

Հրշեջի գործը երակներում, կամ ինչու են փրկարարներին Գյումրիում «գիժ» կոչում

Գյոզալյանն ասում է՝ ոչ թե ինքն է մասնագիտությունն ընտրել, այլ մասնագիտությունն իրեն։ Այն արյան մեջ է. տանը բոլորը՝ կին թե տղամարդ, հրշեջ  ջոկատում են աշխատել՝ պապը, հայրը, եղբայրները, նույնիսկ  տատիկն ու մայրիկը:

«Երկու եղբայներս էլ նվիրված հրշեջներն են եղել, ավագ եղբայրս հրդեհաշիջման դեպքից հետ վերադառնալու ժամանակ տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել, միջնեկ եղբայրս էլ մինչև կյանքի վերջին օրը հրշեջ ջոկատում է եղել: Տատիկս ու մայրիկս էլ հրշեջ ջոկատի հեռախոսավարուհի են եղել: Եթե այս ոլորտում աշխատած իմ բոլոր ազգականների աշխատանքային ստաժին  ավելացնեմ իմ աշխատանքային 40 տարին, ավելի քան  400 տարի կստացվի»,-կատակում է հրշեջ-փրկարարը:

Ասում է՝ օրօրոցայինի փոխարեն հրդեհի ահազանգն ու մեքենաների շչակներն  է լսել, իսկ 3-րդ դասարանից արդեն  ցանկացած հրշեջից լավ է իմացել` ինչպես կարելի է հրդեհաշիջում կազմակերպել:

Հրշեջի գործը երակներում, կամ ինչու են փրկարարներին Գյումրիում «գիժ» կոչում

Մայրը թաքուն հույս է փայփայելիս եղել, որ որդուն այլ ոլորտում կտեսնի, իսկ երբ տարիներ անց իմացել է, որ այս մեկն էլ է հրշեջ–փրկարարի գործն ընտրել, հուզվել ու լաց է եղել:

«Ողջ տունը հրշեջներ էին։ Մայրս խելագարվել  էր հրդեհներից հետո կեղտոտ ու ծխահարված համազգեստ լվանալուց»,–հիշում է գնդապետը:

Այսօր արդեն շարքայինից սկսած Ալեքսան Գյոզալյանը ղեկավարում է ՀՀ ԱԻ Շիրակի մարզի փրկարական վարչությունը: 

Գյոզալյանի պապին՝ Ալեքսան  Ասատրյանին, 1928 թվականին Լենինական են հրավիրել առաջին հրշեջ  մասում որպես շինարար աշխատելու։ 

«Մենք մարդու հա՛մ դուրսը կտեսնինք, հա՛մ ներսը». ինչպես են գյումրեցիները մականուն կնքում

Երիտասարդ շինարարի լավ աշխատանքը տեսնելով, նրան  1931 թվականին նշանակել  են  հրշեջ  մասի պետ` բնակարան հատկացնելով իր իսկ կառուցած շենքում: 17 տարի անց էլ հայրն է աշխատանքի ընդունվել հրշեջ մասում սկզբում որպես վարորդ, ապա հրշեջ մասի պետ է նշանակվել, իսկ հետո հորը փոխարինել է ավագ եղբայրը։ Միջնեկ եղբայրը նույնպես բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալուց հետո աշխատանքի է անցել նույն տեղում:

Հրշեջի գործը երակներում, կամ ինչու են փրկարարներին Գյումրիում «գիժ» կոչում

«Հրշեջներին ժողովուրդը «գիժ»  է կոչում, ասում են՝ սովորական  մարդիկ կրակը տեսնում, փախչում են, հրշեջները գնում են կրակի բերանը»,-ասում է Ալեքսան Գյոզալյանը:

Ուղիղ թիրախին. 15-ամյա գյումրեցին հաղթում է հին զենքով ու երազում նոր ոսկու մասին

Նա համոզված է` ամեն մարդ չէ, որ կարող է աշխատել որպես փրկարար։ Այս գործը սեր ու նվիրում է պահանջում: Հեշտ չէ սեփական կյանքն ամեն օր վտանգելը։ Դժվար իրավիճակներ շատ են եղել,  գնդապետն առանձնացնում է 1997 թվականին Գյումրու Սայաթ-Նովա պողոտայում հեղուկ գազի մեքենայի պայթյունը, որի պատճառով իր 8 ծառայակից ընկերների հետ ծանր այրվածքներ ստացավ, մյուսը  1996 թվականին Գյումրու տնակներից մեկում  գրանցված սարսափելի հրդեհն էր, որի պատճառով 9 զոհ էր գրանցվել:  Այդ սարսափ տեսարանը մինչև օրս չի մոռանում:

Հրշեջի գործը երակներում, կամ ինչու են փրկարարներին Գյումրիում «գիժ» կոչում

Այնուամենայնիվ, 56–ամյա հրշեջ– փրկարարն իրեն այս գործից դուրս չի պատկերացնում։ Նրա համար սա  ոչ թե հոբբի կամ աշխատանք է, այլ կենսակերպ: Ինքն է ընտրել այդ կենսակերպը` զինվորագրվելով ուրիշի կյանքը սեփական կյանքի գնով փրկելու գործին:

Ոսկե «բիլազուկով» ծնվածը. ինչպես մայրն ու որդին մնացին փլատակների տակ և հետո կորցրին իրար