ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված ավելի քան 200 հազար մարդ կա՞. փորձագետը հաշվարկներ է արել

Թե ինչպես Հայաստանում կզարգանա COVID-19–ի հետ կապված իրավիճակը, մեծ հաշվով կախված է պատվաստանյութից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik.Հայաստանում SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի նոր տեսակով վարակված շուրջ 220 հազար մարդ կա։ Նման եզրակացության է հանգել Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։

Նա այս թիվը ստացել է` տարբեր մեթոդների կիրառմամբ մի քանի գործոններ հաշվարկելով։

«Ես համավարակի զարգացումը գնահատող մի քանի մեթոդ եմ կիրառել։ Այդ նպատակով վերցրել եմ «Յանդեքսի» ինքնամեկուսացման գործակիցը, վարակի վերարտադրման հիմնական գործակիցը, վարակից մահանալու ցուցանիշներն այն երկրներում, որտեղ ժողովրդագրական տվյալների հիման վրա կարելի է հստակ որոշել Հայաստանում ավելորդ մահացության ցուցանիշը», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Միքայելյանը։

Նա նշեց, որ բոլոր հաշվարկներով Հայաստանում կորոնավիրուսով վարակված շուրջ 220 հազար մարդ կա, որոնցից 205 հազարն առողջացել են։ Միքայելյանի խոսքով` մոտ 15 հազարը դեռ չեն բուժվել, իսկ մահացածների թիվը հասնում է 2 հազարի։

Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի. ԱԺ–ն ընդունեց կառավարության ներկայացրած նախագծերը

Նա կարծում է, որ վարակման դեպքերի որոշակի աճ կգրանցվի սեպտեմբերի վերջին։ Փորձագետը չի բացառում նաև, որ համավարակի երկրորդ ալիք լինի, բայց միայն այն ժամանակ, երբ ցրտերն ընկնեն։

Ենթադրաբար դա կարող է լինել նոյեմբերի վերջին։ Միևնույն ժամանակ նա կարծում է, որ բոլորովին պարտադիր չէ` իշխանությունները խիստ սահմանափակումներ կիրառեն։

«Խիստ սահմանափակումներ կարելի է կիրառել այն դեպքում, եթե վարակվածների թվի կտրուկ աճ գրանցվի։ Մնացած դեպքերում հնարավոր կլինի սահմանափակվել այլ կանխարգելիչ միջոցներով` թեստավորում և այլն», – ասաց Միքայելյանը։

Փորձագետի խոսքով` համավարակի բռնկումից հնարավոր կլինի խուսափել զանգվածային պատվաստման դեպքում։ Ըստ նրա` պետք է առաջին հերթին պատվաստել քաղաքացիների խոցելի խմբերին, ինչը թույլ կտա կրճատել մահացության թիվը։

Միքայելյանը չի բացառում, որ պատվաստանյութն ազատ վաճառքում կլինի արդեն ձմռանը, և այն կփոխի կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդները։

Դպրոցականները պետության հաշվին կապահովվեն բժշկական դիմակներով ու ախտահանիչներով

Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն` սեպտեմբերի 4-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 44461 է։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4041 մարդ, կատարվել է 213644 թեստավորում, առողջացել են վարակվածներից 39 257–ը։ Գրանցվել է մահվան 891 դեպք։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Օգոստոսի 12-ին ՀՀ կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև սեպտեմբերի 11-ը: Օգոստոսի 13-ից կարելի է դիմակ չդնել նաև անձնական մեքենաներում և բնության գրկում։