Առանց համի ու հոտի․ Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ռեստորանային սպորտի մրցաշարին

Հայկական կողմը վստահ է, որ մրցաշարի արդյունքում մեր մասնակիցը մրցանակային տեղ կզբաղեցնի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ռեստորանային սպորտի աշխարհի առաջնությանը։ Երկիրն արժանի կերպով ներկայացնելու առաքելությունը վստահված է խոհարար, Սեդրակ Մամուլյանի խոհարարական դպրոցի շրջանավարտ Հովիկ Մկրտչյանին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ռեստորանային սպորտի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը։

«Հայե՛ր, դուք ձեր տոլմայի մեջ ի՞նչ եք ավելացնում, հոգի՞». ռեստորանային սպորտի ստեղծող

Ռեստորանային սպորտի համաշխարհային ֆեդերացիան 2018.-ին հիմնել է իսրայելցի Ալեքս Ռաբինովիչը։ 2019թ.-ի դեկտեմբերին Ռաբինովիչը ժամանեց Հայաստան և բացեց հայկական ֆեդերացիան։ Ամենամյա մրցույթի ընթացքում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչները մրցում են լավագույն խոհարարի, մատուցողի և բարմենի տիտղոսների համար։

Մամուլյանը նշեց, որ այս տարի մրցաշարը պետք է տեղի ունենար Բուլղարիայում, սակայն COVID-19-ի պատճառով տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և կանցկացվի սեպտեմբերի 11-ին։

«Բայց քանի որ սահմանները փակ են, մրցույթը որոշել են առցանց անցկացնել։ Մեր խոհարարը կներկայացնի տաք կերակրատեսակներ հավի կրծքամսից և հորթի մսից, ինչպես նաև աղցան»,-ասաց Մամուլյանը։

Մամուլյանը բարձր է գնահատում հայկական կողմի շանսերն այս մրցույթում։ Նա վստահ է, որ մեր մասնակցությունը շատ կարևոր է, քանի որ տեղական խոհանոցը հայտնի դարձնելու համար Հայաստանը պետք է օգտագործի բոլոր միջազգային հարթակները։

«Սա այն հարթակներից մեկն է, որի միջոցով մենք կարող ենք աշխարհին ցույց տալ մեր ռեստորանային ոլորտը, ավանդույթներն ու մշակույթը։ Ինչպես նաև նպաստել զբոսաշրջության զարգացմանը»,-ասաց Մամուլյանը։

Հայկական խոհանոցը պոդիում է «բարձրացել». Երևանում ներկայացվել է Gastro-couture նախագիծը

Մամուլյանն ընդգծեց, որ ժյուրին գնահատելու է ճաշատեսակի տեսքը, պատրաստման գործընթացը, սակայն այս տարի համտեսել չեն կարողանա։ Արդյունքները հայտնի կլինեն սեպտեմբերի 11-ին։

Ալեքս Ռաբինովիչի Հայաստան գալն ու Ռեստորանային սպորտի հայկական ֆեդերացիայի բացումը երկրում սկիզբ են դրել «ռեստորանային մրցաշարերին»։