Արմավիրում ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Դատական նիստը հետաձգվել է Աշոտ Հովսեփյանի ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Արմավիրում ալկոհոլային թունավորման գործով մեղադրվող Աշոտ Հովսեփյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Գոռ Գևորգյանը՝ նշելով, որ ախտորոշումն ընդամենը երկու ժամ առաջ է հայտնի դարձել։ Աշոտ Հովսեփյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում է։ Ինքնամեկուսանալ է պատրաստվում նաև փաստաբանը, քանի որ շփվել է պաշտպանյալի հետ։

«Աշոտի գլխին սարքել են». ո՞վ է «թունավոր» օղու համար ձերբակալված տղամարդը

Հովսեփյանի կալանավորման միջնորդությունը պետք է քննվեր այս գիշեր, սակայն դատական նիստը հետաձգվել է նրա ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով: Արմավիր քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ., ձերբակալվել էր անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով:

Արմավիրում խմիչքից թունավորման քրեական գործով ևս երկու անձ է ձերբակալվել

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրում ալկոհոլից թունավորվածների թիվն արդեն իսկ հասել է 25-ի։ Այդ նույն ընթացքում թունավորման դեպքեր են գրանցվել նաև Կոտայքում, Երևանում։ Ընդհանուր թունավորվել է 38 մարդ, 14-ը մահացել են։ Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուր է հանդիսացել մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումը: Երևանում տուժածների մեծամասնությունն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի, ինչպես նաև Կոտայքի մարզում տուժածի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են: