Ոստիկանության համար 150 նոր ավտոմեքենա կգնեն. մատակարարն արդեն հայտնի է

Նոր ավտոմեքենաները նախատեսված է առայժմ շահագործել միայն Երևան քաղաքում իրականացվող պարեկային ծառայության համար։ Մարզերում արդիականացման գործընթացը կավարտվի մինչև 2022թ–ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը նոր ձևավորվող պարեկային ծառայության համար 150 նոր ավտոմեքենա է ձեռք բերում։

Ոստիկանության ներկայացրած առաջարկին այսօր հավանություն տրվեց կառավարության հերթական նիստում։

Պարեկային ծառայությունը կարո՞ղ է լուծել իր առջև դրված խնդիրները. Ղահրամանյանը մտահոգ է

Կառավարության հաստատմանը ներկայացված նախագծի համաձայն` գնման ընթացակարգի մրցույթն արդեն անցկացվել է, հաղթող է ճանաչվել «Չեխ ավտո» ՍՊԸ-ն։

Այս ընկերությունը 150 ավտոմեքենայի համար առաջարկել է 1 932 750 000 դրամ գնային առաջարկ, մեկ միավորի համար` 12 885 000 դրամ։

Ըստ ոստիկանության ներկայացրած ժամանակացույցի, առաջին 10 ավտոմեքենաները մատակարարվելու են մինչև ս/թ նոյեմբերի 1-ը, մնացած 140-ը՝ մինչև դեկտեմբերի 20-ը։

Նշենք, որ այս ավտոմեքենաները նախատեսված է շահագործել դեռևս միայն Երևան քաղաքում իրականացվող պարեկային ծառայության համար։

Իսկ հանրապետության ամբողջ տարածքում պարեկային նոր ծառայության ստեղծման համար նախատեսված է 2-ամյա ժամկետ` մինչև 2022 թվականը։

«Հայաստանը ձեր կարիքն ունի». Բադասյանը կոչ է անում համալրել պարեկային ծառայողների ցանկը

Նշենք, որ Պարեկային ծառայությունը Երևանում իր աշխատանքները կսկսի 2021թ. առաջին եռամսյակից, իսկ ամբողջ Հայաստանում՝ 2022թ. առաջին եռամսյակից: Արդեն 2020թ. հոկտեմբերի կեսերից Ոստիկանության կրթահամալիրում կմեկնարկի ընտրված քաղաքացիների ուսուցման գործընթացը։