Ինչ փոփոխություններ է նախատեսում «Նորք» ինֆեկցիոնի տնօրենի ԺՊ-ն

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը խոսեց գործարկված նոր կայանի և 2 նախատեսվող մասնաշենքերի աշխատանքներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Այսօր «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի և ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի միավորման արդյունքում ձևավորված «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» գործարկվել է թթվածնային կայան։

Տեղեկությունը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը։

«Ես հեչ պատահական մարդ չեմ». Հովհաննես Մադոյանը` իր և «Նորք» ինֆեկցիոնի բժիշկների մասին

«Մոտ ապագայում պացիենտները թթվածին կստանան հենց այդ կայանից»,–ասաց Մադոյանը։

Նրա խոսքով` նախատեսվում է ինֆեկցիոնի հիվանդանոցի նոր մասնաշենքի կառուցում, որը կլինի նույն տարածքում և իրար կկապի երկու մասնաշենքերը։ Ինչպես նաև նախատեսվում է լաբորատոր մասնաշենքի կառուցում։

«Նախագծային աշխատանքներն արդեն արված են։ Հույս ունենք եկող տարի կսկսենք շինարարական աշխատանքները, բայց ամեն ինչ կախված է կորոնավիրուսի համաճարակից»։

Հիշեցնենք, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ օգոստոսի 7-ին հրավիրել է արտահերթ ժողով հիվանդանոցի անձնակազմի հետ, որի ժամանակ անձնակազմին տեղեկացրել էր, որ հանդիպել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, ինչից հետո ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։

Քանի՞ պացիենտի է սպասարկել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերջին 6 ամսում

Ավելի վաղ մամուլում արդեն խոսվել էր Դավիդյանցի հնարավոր ազատման մասին։ Նշվում էր, որ Արսեն Թորոսյանը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն է նշանակելու սորոսական, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու Հովհաննես Մադոյանին։ Վերջինս ավելի քանի 15 տարի աշխատում է ՀԿ ոլորտում, զբաղվում է ՄԻԱՎ վարակակիրների շահերի պաշտպանությամբ։