ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Էլեկտրոնային կառավարման զարգացման ՄԱԿ–ի ցուցիչի համաձայն` Հայաստանն այս տարի բարելավել է իր դիրքերը 19 կետով` համաշխարհային սանդղակում գրավելով 68-րդ տեղը։
Տեղեկությունն այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Ընդ որում, էլեկտրոնային մասնակցության ցուցիչով Հայաստանն ընդգրկված է ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում, և մենք ցանկանում ենք էլ ավելի խթանել քաղաքացիների ներգրավվածությունը էլեկտրոնային կառավարման գործընթացում»,– ասաց նա։
Փոխվարչապետը նաև հայտնեց, որ Հայաստանում արդեն իսկ գործարկվել է հանրագրերի ներկայացման էլեկտրոնային հարթակը, որն աշխարհում հայտնի change.org կայքի հայկական համարժեքն է։ Այն, Ավինյանի համոզմամբ, հնարավորություն կտա ներկայացնել անհատական և կոլեկտիվ հանրագրեր, էլեկտրոնային եղանակով հետևել դրա իրականացման ընթացքին ու ստանալ պատասխանը։
Փոխվարչապետը խոստացավ, որ կառավարությունը հատկապես ուշադիր է լինելու այս համակարգի աշխատանքին։
Հայաստանը բարելավել է իր դիրքերը․ հրապարակվել է Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչը