Հայաստանում ալկոհոլից թունավորվածների թիվն ավելացել է 11-ով

Ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ալկոհոլային թունավորման դեպքերի թիվն ավելացել է 11–ով և հասել 38-ի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ի` ժամը 12:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք, որից 25-ը` Արմավիրի մարզում, 12-ը` Երևանում, 1-ը` Կոտայքի մարզում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երեկվա տվյալներով` Երևանում և Արմավիրի մարզում թունավորման 27 դեպք էր գրանցվել։ Թունավորվածներից 14–ը մահացել են։

Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուր է եղել մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումը:

Արմավիրում խմիչքից թունավորման քրեական գործով ևս երկու անձ է ձերբակալվել

Երևանում տուժածների մեծամասնությունն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի, ինչպես նաև Կոտայքի մարզում տուժածի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են:

ՀՀ ոստիկանությունը սեպտեմբերի 1-ին տեսանյութ էր հրապարակել Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող տնից, որում մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված օղի էր հայտնաբերվել։ Կադրերում երևում էին տարբեր չափերի տասնյակ շշեր, որոնցում սպիտակ և դեղնավուն հեղուկներ են լցված։ Օղին պատրաստած և վաճառած, Արմավիրի բնակիչ 50-ամյա Աշոտ Հովսեփյանը ձերբակալվել է։