Հայաստանում 2020 թ–ին ՄԻԱՎ-ով վարակված 7 երեխա են հայտնաբերել

Մասնագետներն այժմ աշխատանքային խումբ են ստեղծել և քննություն են անցկացնում, որպեսզի պարզեն, թե ինչպես է ստացվել, որ նրանց մինչև վերջերս չէին հայտնաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մադոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ վերջին 6 ամիսների ընթացքում Հայաստանում մինչև 5 տարեկան 7 երեխայի մոտ ՄԻԱՎ է հայտնաբերվել։

«Վերջին 5 տարվա մեջ սա աննախադեպ երևույթ է։ Երեխաներից 3-ը մեկ տարեկան են, ծնվել են 2019-ին, իսկ հղիությունը եղել է 2018-2019-ին։ Մեկը 2 տարեկան է, երկուսը՝ 3, ևս մեկը՝ 5»,– ասաց նա։

Մադոյանի խոսքով՝ մասնագետներն այժմ աշխատանքային խումբ են ստեղծել և քննություն են անցկացնում, որպեսզի պարզեն, թե ինչպես է ստացվել, որ այս երեխաները վարակվել են, ինչպես է ստացվել, որ նրանց մինչև վերջերս չէին հայտնաբերել։

«Չի կարող լինել, որ տարիներ շարունակ 2-3 դեպք է արձանագրվում, մեկ էլ կես տարվա մեջ 7 դեպք։ Մենք կգտնենք պատճառը և հանրությանը անպայման կներկայացնենք», - վստահեցրեց Մադոյանը։

«Ես հեչ պատահական մարդ չեմ». Հովհաննես Մադոյանը` իր և «Նորք» ինֆեկցիոնի բժիշկների մասին

Նա նաև տեղեկացրեց, որ 2020 թվականի հունվարից մինչ օրս Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ–ով վարակվելու 249 դեպք։

«Մեր կանխատեսմամբ՝ երևի տարվա ընթացքում կունենանք 400-450 դեպք, գրեթե նույն ցուցանիշը, ինչ նախորդ տարի։ Մարտի կեսերից մինչև ապրիլի վերջ, երբ արտակարգ դրության խիստ սահմանափակումներ էին գործում, դեպքերը մի պահ նվազեցին. պլանային այցելություններ գրեթե չէին կատարվում։ Հիմա վերականգնվել է մարդկանց հոսքը, նույնիսկ ավելի շատ է դիմելիությունը, որովհետև եթե նախկինում մարդիկ որևէ հիվանդություն, ջերմություն ոտքի վրա էին անցկացնում, ապա հիմա ավելի շատ են դիմում բժիշկներին»,- նշեց Մադոյանը։

Նրա խոսքով` ՄԻԱՎ–ով վարակվելու դեպքերի ավելացման կամ նվազման միտումների վերաբերյալ որևէ բան ասելը դժվար է։

Նշենք, որ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում կենցաղային շփումների ժամանակ` ձեռք սեղմելու, համբույրի, գրկախառնվելու միջոցով, հեռախոսից, համակարգչից օգտվելիս, հագուստի և սպիտակեղենի միջոցով, հասարակական զուգարանից օգտվելիս, ջրի, սննդի, հազի, փռշտոցի, մոծակի կծելու միջոցով:

ՄԻԱՎ-ով վարակվել հնարավոր է միայն սեռական ճանապարհով` առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ, վարակված արյան միջոցով` թմրամիջոցների ներարկային օգտագործման, չախտազերծված բժշկական պարագաների օգտագործման ժամանակ, ՄԻԱՎ վարակ ունեցող մորից` հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և կրծքով կերակրվելիս:

Ինչ փոփոխություններ է նախատեսում «Նորք» ինֆեկցիոնի տնօրենի ԺՊ-ն