Հայաստանի մարզային հիվանդանոցները կապահովվեն շտապօգնության նոր ավտոմեքենաներով

Շտապօգնության ավտոմեքենաների ամենամեծ խմբաքանակը կստանան Տավուշի ու Սյունիքի մարզերը, մյուս մարզերին կբաշխվի 1-2 ավտոմեքենա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik.Հայաստանի մարզային բուժհաստատությունները կստանան ժամանակակից բուժսարքավորումներով հագեցած շտապօգնության 20 ավտոմեքենաներ։ Այս մասին որոշում ընդունվեց այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում։

Դպրոցականները պետության հաշվին կապահովվեն բժշկական դիմակներով ու ախտահանիչներով

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, նախագիծը ներկայացնելով, նշեց, որ որոշման հրատապությունը պայմանավորված է Հայաստանումկորոնավիրուսի համաճարակային իրավիճակով։ Իսկ մարզերին փոխանցվող ավտոմեքենաները, հաշվի առնելով բարդ ռելիեֆը, բարձր անցողականությամբ ապահովված ամենագնացներ են։

«2020 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարի շրջանակում ձեռք է բերվել թվով 21 գծային տեսակի շտապ բժշկական օգնության ավտոմեքենա, և դրանք հագեցվել են բժշկական սարքավորումներով ու պարագաներով»,– ասաց փոխնախարարը։

Ձեռք բերված ավտոմեքենաները մարզային ԲԿ–ներին են տրամադրվելու որպես նվիրատվություն` պարտադիր պայման սահմանելով, որ դրանք պետք է օգտագործվեն բնակչության բուժսպասարկման նպատակով։

Շտապօգնության ավտոմեքենաների ամենամեծ խմբաքանակը կստանա Տավուշի մարզը` 5 ավտոմեքենա, Սյունիքը կստանա 3 մեքենա, մյուս մարզերին կբաշխվի 1-2 ավտոմեքենա։