ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik․ Սևանի «Ճայերի կղզի» կոչվող ափում («Սևան» ազգային պարկի «Նորաշեն» արգելավայր) հարսանիք կազմակերպողները կպատժվեն։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ում գրառում է կատարել՝ անթույլատրելի համարելով 50-60 հոգանոց միջոցառումը արգելավայրում։
«Մարդկանց ներկայությունն ու տեղաշարժը տարածքում կարող էր անհանգստացնել արգելավայրում բնակություն հաստատած թռչուններին և ունենալ բացասական հետևանքներ։ Սևանի ափին գտնվող այդ ծայրաստիճան գեղեցիկ վայրը բնության հատուկ պահպանվող տարածք է և նախատեսված չէ մասնավոր հավաքույթներ կազմակերպելու համար։ Այն նպատակ ունի ապահովել և կազմակերպել չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգիստը, ապահովել ապրելակերպի բնական միջավայրի պահպանությունը», - գրել է Պետրոսյանը։
Նա հավելել է, որ ափի դեղին ավազը ոչ թե գեղեցկության համար է, այլ չվահյուր թռչունների համար ընկալելի և ապահով վայր թվալու։
Պետրոսյանը մեջբերել է Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
Ռոմանոս Պետրոսյանը դիմել է որսի սիրահարներին
Շրջակա միջավայրի նախարարը դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ դեպքն ուսումնասիրելու և իրավական ընթացք տալու համար։ Բացի այդ, ծառայողական քննություն է սկսվել «Սևան» ազգային պարկում՝ հարսանիքը ժամանակին չկասեցնելու համար։
«Վստահեցնում եմ, որ «Սևան» ազգային պարկի առջև խնդիր է դրված այսուհետ հետևողական և պատշաճ կատարել իրենց վերապահված լիազորություններն ու պարտականությունները», - եզրափակել է նախարարը։
Հիշեցնենք` Ռոմանոս Պետրոսյանը շրջակա միջավայրի նախարար է նշանակվել հուլիսի 30-ին։ Առաջին օրվանից նա սկսել է բարեփոխումների շարք՝ լուծել է Աժդահակ լեռան Կարմիր կատար գագաթի խառնարանալճից ջուր գողացողների խնդիրը, ներդրել է Սևանից ձկնորսություն կատարելու խստացված համակարգ, որի համաձայն յուրաքանչյուր ձկնորսի որսը պետք է ստուգվի։