Մեթիլ սպիրտի տոկոսը գերազանցվել է. ավարտվել է «թունավոր» օղու փորձաքննությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունը Հայաստանում արգելված է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ավարտել է Արմավիրի մարզում տնային պայմաններում արտադրված ու 11 մարդու մահվան պատճառ դարձած օղու լաբորատոր փորձաքննությունը։

ԱԻՆ-ը հրապարակել է Արմավիրում խմիչքից թունավորվածների և մահացածների անունները

Ինչպես հայտնում են ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, փորձաքննությունը հաստատել է նախնական վարկածը, այն է՝ օղու մեջ առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը մի քանի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը:

ՍԱՏՄ-ն կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց և հիշեցնում, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունը ՀՀ–ում արգելված է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, փորձաքննության նպատակով, նմուշառում են կատարել քաղաքացիների զանգվածային թունավորման ու 11 մարդու մահվան պատճառ դարձած տնայնագործ պայմաններում պատրաստված օղու բռնագրավված խմբաքանակից:

Նման բան 1-ին անգամ է պատահում. ինչու բժիշկներին չհաջողվեց փրկել խմիչքից թունավորվածներին

Դեպքից հետո ՀՀ ոստիկանությունը հայտարարեց, որ տնային պայմաններում պատրաստված շուրջ 200 լիտր օղի է հայտնաբերվել տուժածների մատնանշած հասցեում։ Հայտարարվեց նաև, որ մինչ այդ դրանից 30 լիտրն արդեն իսկ վաճառվել է տարբեր անձանց։

Արմավիրի բնակիչ, օղին պատրաստած և վաճառած 50-ամյա Աշոտ Հովսեփյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ գործով ևս երկու մարդ է ձերբակալվել:

Թունավորման դեպքեր են գրանցվել նաև ՀՀ այլ բնակավայրերում։

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ի` ժամը 12:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք, որից 25-ը` Արմավիրի մարզում, 12-ը` Երևանում, 1-ը` Կոտայքի մարզում: