Քոչարյանը զուգահեռներ անցկացրեց «թավշյա հեղափոխության» և Բելառուսի իրադարձությունների միջև

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Հայաստանում, ի տարբերություն Բելառուսի, 2018 թվականին լրագրողներին չէին ծեծում, իշխանությունն էլ հանդուրժող էր այլակարծության նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Բելառուսում տիրող իրավիճակը հիշեցնում է այն իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 2018 թվականին` «թավշյա հեղափոխության» ժամանակ։ Այս մասին նա ասել է ՌԲԿ–ին տված հարցազրույցում։

Հայաստանի նախկին նախագահը նշել է, թե ինչով էին տարբերվում Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունները Հայաստանում տեղի ունեցածից, և որն է դրանց նմանությունը։

«Արևմտյան երկրների վերաբերմունքը Բելառուսի նկատմամբ ուրիշ էր, Հայաստանի նկատմամբ` ուրիշ։ Հայաստանում իշխանությունն ավելի հանդուրժող էր այլակարծության նկատմամբ», – ասել է Քոչարյանը։

Նա նշել է, որ ՀՀԿ–ն և այն ժամանակվա նախագահն ակտիվ համագործակցում էին նաև Արևմուտքի հետ։ Ավելին, Հայաստանում քաղբանտարկյալներ չկային, լրագրողներին չէին ծեծում, ոչ ոք խորհրդավոր կերպով չէր անհետանում։

Ռուսաստանը միակ երկիրն է, որը ի վիճակի է զսպել Թուրքիայի նկրտումները. Քոչարյան

«Ավելին` ՀՀԿ–ն Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ էր և բավական ակտիվ համագործակցում էր միջկուսակցական փոխգործակցության ոլորտում։ Իրավիճակն այլ էր, սակայն երբ այդ ամենը սկսվեց, այդ նույն երկրների դեսպանատների վերաբերմունքը ճիշտ նույնն էր», – ասել է Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում «թավշյա հեղափոխություն» տեղի ունեցավ 2018 թվականի գարնանը։

Օգոստոսի 9-ից Բելառուսում շարունակվում են բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները համաձայն չեն երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների հետ։ Վերջնական պաշտոնական տվյալների համաձայն` օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրություններում հաղթեց գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նա օգտին քվեարկեց ընտրողների 80,1%–ը, նրա հիմնական մրցակից` Սվետլանա Տիխանովսկայայի օգտին` 10,12%–ը։ Տիխանովսկայան այժմ Լիտվայում է։

Օրացույց առանց երեքշաբթիների․ Քոչարյանն անհեթեթ է համարում իր հասցեին հնչած մեղադրանքները

Օգոստոսի 16-ին երկրում զանգվածային բողոքի ցույցեր անցկացվեցին։

Պաշտոնական տվյալներով` առաջին օրերին ավելի քան 6.7 հազար մարդ է ձերբակալվել։ Հանրապետության ՆԳՆ հաղորդմամբ` անկարգությունների ընթացքում հարյուրավոր մարդիկ են տուժել, այդ թվում` 120 իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Բելառուսի իշխանությունների տվյալներով` բողոքի ակցիայի 3 մասնակից մահացել է։