Մալաքյան եղբայրներն ազատ արձակվեցին

Տղաները ոստիկաններից պահանջել էին չտուգանել Հայաստանի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկին՝ Օզբիլիսին։ Միջադեպին ականատես է եղել մեկ այլ ոստիկան, որն իր կնոջ հետ է եղել։ Նա փորձել է կարգի հրավիրել եղբայրներին, բայց նրանք վիճաբանությունը շարունակել էին նաև վերջինիս հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. «Արարատ» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյանները քիչ առաջ ազատ արձակվեցին Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից։ 

Մալաքյան եղբայրներն ազատ արձակվեցին

Մալաքյան եղբայրները ձերբակալված էին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ֆուտբոլիստների փաստաբան Գոռ Միքայելյանը, այսօր` ժամը 23:40-ին և 23:45-ին, լրանում էր նրանց անազատության մեջ գտնվելու առավելագույն ժամկետը (նրանք ազատությունից զրկվել էին օգոստոսի 30-ին, ժամը 23:40-ին և 23:45-ին)։

Գոռ և Էդգար Մալաքյանները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ այս պահին դեպքի վերաբերյալ ոչինչ ասել չեն կարող։

«Նոր ենք դուրս եկել, շատ բան հիմա չենք կարող ասել։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլորից` Ֆեդերացիայից և բոլոր այն անձանցից, որոնք իրենց զորակցությունն են հայտնել։ Գիտենք, որ շատերն են իրենց զորակցությունը հայտնել»,- ասացին նրանք։

Նշենք, որ եղբայրների դեմքին վնասվածքներ, սալջարդերի հետքեր կային։ Նրանք նշեցին, որ այդ հետքերի ու ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի մասին մանրամասն կխոսեն հետո։

Ֆուտբոլիստ եղբայրներին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. նոր մանրամասներ

Հիշեցնենք՝ Sputnik Արմենիայի հավաստի տեղեկություններով`միջադեպի պատճառը եղել է այն, որ «Փյունիկ» ՖԱ-ի խաղացող  Արաս Օզբիլիսը որոշել է մեքենան կայանել Կասկադի հարակից տարածքում։ Երբ ոստիկանները ցանկացել են տուգանել նրան ոչ ճիշտ տեղում կայանելու համար, նույն մեքենայից դուրս են եկել Մալաքյան եղբայրները, որոնք սկսել են վիճաբանել ոստիկանների հետ և հայհոյանքներ հնչեցնել։ Տղաները ոստիկաններից պահանջել են չտուգանել Հայաստանի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկին։ Այդ պահին միջադեպին ականատես է եղել մեկ այլ ոստիկան, որն իր կնոջ հետ է եղել։ Նա փորձել է կարգի հրավիրել եղբայրներին, բայց նրանք վիճաբանությունը շարունակել են նաև վերջինիս հետ։

«Արարատը» և «Փյունիկը» Մալաքյանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ էին հանդես եկել:

«Էդգարը «Արարատի» ֆուտբոլիստ է: Խիստ մտահոգիչ ենք համարում, որ միջադեպի վերաբերյալ տրվել է թռուցիկ նկարագրություն, ինչի հետևանքով տեղի ունեցածի մասին թյուր կարծիք է ստեղծվել հասարակության մոտ: Հույս ունենք, որ իրավապահները օբյեկտիվ քննություն կվարեն և կներկայացնեն ողջ եղելությունը: «Արարատ» ակումբը մշտապես կապի մեջ է ֆուտբոլիստների փաստաբանների հետ և մեծ ուշադրությամբ կհետևի իրադարձությունների հետագա զարգացմանը»,- ասված էր «Արարատի» պաշտոնական հայտարարության մեջ:

«Դեպքը եղել է լրիվ այլ կերպ». ֆուտբոլիստ եղբայրների փաստաբանը հայտարարություն է տարածել

Համացանցում ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ միջադեպին մասնակից են եղել «Փյունիկ» ՖԱ-ի մի քանի ֆուտբոլիստներ։

«Փյունիկ» ՖԱ–ն էլ իր հերթին տեղեկացրել էր, որ միջադեպին մասնակցել է «Փյունիկի» միայն 1 ֆուտբոլիստ։

«Տարածված այն լուրերը, որ Արաս Օզբիլիսը և Սերոբ Գրիգորյանը նույնպես իրենց մասնակցությունն են ունեցել միջադեպին, իսկ ֆուտբոլիստները գտնվել են ոչ սթափ վիճակում, չեն համապատասխանում իրականությանը, ինչի մասին վկայում են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածած հայտարարությունները»,–նշված էր հաղորդագրության մեջ։

ասկադում ոստիկանների են քաշքշել. Ազգային հավաքականի ֆուտբոլիստների «մատը խա՞ռն է»

Հիշեցնենք`օգոստոսի 30-ին տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։

Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել են տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: