Հայաստանում պետական ծառայողների համար կիբեռանվտանգության մեխանիզմներ կմշակվեն

ՀՀ վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հրավիրած քննարկմանը ներկա են եղել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել տեղեկատվական և կիբեռանվտանգության ոլորտում ընթացող գործընթացներին ու բարեփոխումներին, պետական մարմինների կայքէջերի անվտանգության հարցերին նվիրված խորհրդակցություն: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, Ավինյանը նշել է, որ քննարկվող հարցերն առավել քան արդիական են՝ հաշվի առնելով, որ հուլիսին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները զուգակցվեցին կիբեռտարածքում ՀՀ պաշտոնական կայքէջերի նկատմամբ հարձակումներով:

Ոչ միայն վարչապետինը. ՀՀ-ում պետական ո՞ր կառույցների կայքերն են կոտրել արդբեջանցիները

Ավինյանը կարևորել է տեղեկատվական ու կիբեռանվտանգության ոլորտում պետական մարմինների գործառույթների ու պարտականությունների հստակեցումը, պետական կայքերի պաշտպանության ծրագրային և ապարատային ապահովումն ու պետական ծառայողների համար կրթության և անվտանգության ապահովման մեխանիզմների մշակումը։

Հանդիպմանը ներկա են եղել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, շահագրգիռ գերատեսչությունները ներկայացնող պաշտոնատար այլ անձիք:

Նրանք ներկայացրել են վերջին մեկ տարվա ընթացքում իրենց գերատեսչությունների կողմից տեղեկատվական ու կիբեռանվտանգության ոլորտում իրականացրած աշխատանքները:

Համապարփակ անդրադարձ է կատարվել ոլորտում առկա բացերին, դրանց հնարավոր լուծումներին, և նախանշվել են հետագա քայլերն ու միջոցառումները:

Հայերը կոտրել են ադրբեջանցիների գլխավոր հաքերական կայքը. համացանցում «փոխհրաձգություն» է