Ես չեմ առաջադրվել, չեմ էլ առաջադրվի. ինչու Գևորգյանը իրեն չի տեսնում ԵՊՀ ռեկտորի պաշտոնում

Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը վստահ է, որ ԵՊՀ ռեկտորը պետք է լինի նշանակովի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Գևորգյանը ռեկտորի պաշտոնում իրեն չի տեսնում։ Այս մասին Գևորգյանը հայտարարեց ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ։

Ուրեմն ձեռնտու է. ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը` ուսման վարձերը բարձրացնելու մասին

«Ես չեմ առաջադրվել, չեմ էլ առաջադրվի, եթե նույնիսկ նոր ընտրություն հայտարարվի։ Պատճառներ շատ կան։ Ես սկզբունքային դիրքորոշում ունեմ, որ ռեկտորը պետք է լինի նշանակովի», - ասաց Գեղամ Գևորգյանը։

Հարցը` արդյոք Գևորգյանը բացառում է իր թեկնածությունը ԵՊՀ ռեկտորի պաշտոնում, նրան բարկացրեց։
«Եթե ես չեմ դիմել և ասել եմ, որ չեմ դիմելու, ինչպես կարող եմ ընտրվել ռեկտոր»,–ասաց նա։ Լրատվամիջոցի այն դիտարկմանը, իսկ եթե ԿԳՄՍ նախարարությունը որոշի օրենք փոխել և իրեն նշանակել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, նա կհամաձայնի՞. «Խնդրում եմ`«եթե մորքուրս տղա ծնվեր քեռի կլիներ» տիպի հարցեր չտալ»,–բարկացավ Գևորգյանը։

Նրա խոսքով` ԵՊՀ ռեկտորի համար առաջադրված 5 թեկնածու կա։

Հիշեցնենք, որ Գեղամ Գևորգյանը ԵՊՀ  ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել 2019 թվականի մայիսի 30–ին։

Ինչո՞ւ են բարձրացել ԵՊՀ–ի ուսման վարձերը. «անակնկալ» կորոնավիրուսային իրավիճակում