ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Վերջին շրջանում Հայաստանն ադրբեջանական կողմից խիստ իրարամերժ ազդակներ է ստանում, որոնց հիման վրա կարելի է ենթադրել, որ հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն Ադրբեջանի ԶՈՒ–ին, այլ նաև դիվանագիտական ներուժին։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` պատասխանելով հարցին, թե Հայաստանը չի արձագանքելու Ադրբեջանի հայտարարություններին։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է Ադրբեջանի նախագահի խորհրդականի այն հայտարարությանը, ըստ որի` Ադրբեջանն իր մտահոգություն էր հայտնել ՌԴ–ից ՀՀ–ին մատակարարվող զինամթերքի առնչությամբ և ասել, որ բացատրություն է ակնկալում այդ առումով։
«Ըստ ադրբեջանական կողմի վարկածի` երկկողմ դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրները` տվյալ դեպքում ՀՀ–ն և ՌԴ–ն, չպետք է սերտ համագործակցեն ռազմաարդյունաբերության ոլորտում։ Գուցե բացահայտում անեմ իրենց համար, բայց Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հաստատվել են դեռևս 1990–ականներին»,–ասաց Նաղդալյանը։
Նրա խոսքով` պարզապես տարակուսանքի է արժանի, որ Ադրբեջանը հենց այսօր է բացահայտել աշխարհաքաղաքական այդ իրողությունը։
Նաղդալյանը նշեց նաև, որ որքան էլ շարունակվի Ադրբեջանի դիվանագիտական ներուժի դեգրադացիան, հայկական կողմն այդ աստիճանի չի իջնելու։
Հիշեցնենք, որ «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։