ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Կարմիր խաչը մինչ այժմ չի այցելել մոլորված և Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լուրը հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
«Աշխատանքներ են իրականցվում Բաքվի կարմիր խաչի գրասենյակի հետ, որպեսզի կարողանանք այդ այցելությունը կազմակերպել»,- ասաց Նաղդալյանը։
Իսկ ինչ վերաբերում է ռազմագերիների փոխանակման` «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին` Նաղդալյանը հիշեցրեց, որ Հայաստանում ռազմագերիներ չկան։ Նրա խոսքով` Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացիները այդ երկրում որևէ հանցագործություն չեն իրականացրել, և նրանց հանդեպ շինծու քրեական գործեր հարուցելը միջազգային իրավունքի խախտում է։
Նաղդալյանը նշեց, որ այս տարի ՀՀ տարածքում են հայտնվել Ադրբեջանի երկու քաղաքացի և Հայաստանը նրանց հանդեպ, ի տարբերություն Ադրբեջանի, քրգործեր չի հարուցել։
«Գիտենք, որ Ադրբեջանը փորձում է հետ վերցնել իր երկու մարդասպաններին` Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին, որոնք իրենց պատիժն են կրում Արցախում` Արցախի անչափահաս քաղաքացու սպանության համար։ Անչափահասին կյանքից զրկելը ծանր հանցագործություն է,` անկախ այն հանգամանքից, թե դա հակամարտության գոտում է կատարվել, թե մեկ այլ վայրում»,–ընգծեց Նաղդալյանը։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմանում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել ու մոլորվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ–ն գերի է վերցրել «դիվերսանտի»։
Կարևորը` նա առողջ ու անվտանգ լինի. Դավիթ Տոնոյանը խոսել է Ադրբեջանում հայտնված սպայի մասին
Դրանից հետո ադրբեջանական կողմը տեսագրություն տարածեց, որտեղ Գուրգեն Ալավերդյանը մի տեքստ էր կարդում, որ իբր ուզում է մնալ Ադրբեջանում։ Sputnik Արմենիան այցելել էր Ալավերդյանի կնոջ տուն, որը վստահեցրել էր` ամուսինը ոչ մի գնով նման ցանկություն չէր հայտնի։