Ոստիկանների հետ վիճաբանել է դիմակ դնելու համար. 38–ամյա տղամարդը ձերբակալված է

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով։ 3 ոստիկան տուժող են ճանաչվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Էջմիածնում տղամարդը կռվի է բռնվել ոստիկանների հետ, որոնք պահանջում էին պահպանել կարգն ու դիմակ դնել։

Տիգրան Ավինյանը փոփոխություններ է արել դիմակ դնելու պահանջներում

Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, 2020թ.  օգոստոսի 31-ին  ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՊՊԾ դասակի հրամանատարը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում,  Էջմիածնի քաղաքապետարանի դիմացի այգում դիմակ չդնելու հարցի շուրջ քաղաքացին ոստիկանների հետ խոսել է վիրավորական և արհամարհական տոնով, դրսևորել ագրեսիվ վարքագիծ, հրաժարվել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։ Հետո նա ձեռքով մեկ անգամ հարվածել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Այդ ընթացքում նշված քաղաքացին մեկ այլ ոստիկանի նկատմամբ ևս բռնություն է գործադրել՝ քաշքշելով նրան, որի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)  1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: 3 ոստիկան  տուժող են ճանաչվել:

Դպրոցում դիմակ դնելը պարտադի՞ր է․ պարզաբանում է ԿԳՄՍ փոխնախարարը

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 38-ամյա քաղաքացին ձերբակալվել է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է: