Սփյուռքահայ 24 մասնագետներ կաշխատեն ՀՀ կառավարությունում․ նաև Լիբանանից ներկայացուցիչ կա

Տարբեր երկրներից Հայաստանի կառավարությունում աշխատելու նպատակով էլի քաղաքացիներ պետք է ժամանեն, սակայն COVID-19-ով պայմանավորված գործընթացը հետաձգվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Սփյուռքահայ 24 բարձրակարգ մասնագետներ աշխատանքի են անցել Հայաստանի կառավարությունում, տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գրասենյակը։ Նրանց մեջ կա նաև Լիբանանից ժամանած քաղաքացի։ Գրառմանը կից Facebook-ում հրապարակվել է կառավարության նոր աշխատակիցների համատեղ լուսանկարը։

Կադրային ջա՞րդ, թե՞ օպտիմալացում. ինչ է կատարվում Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում

«Նրանք այսօրվանից մեկնարկում են: Առաջին փուլով 24 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ սկսում են աշխատանքը ՀՀ կառավարությունում: Կանադայից, Դանիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Նորվեգիայից մինչև Իսրայել, Նիդեռլանդներ ու Չինաստան. նրանց անգամ համաճարակը չի խանգարել հասնել Հայաստան», - գրված է հաղորդագրությունում։

Կառավարության նոր աշխատակիցներին ողջունել է Զարեհ Սինանյանը, «Դեպի Հայք» հիմնադրամի տնօրեն Սևան Գապագեանը և RepatArmenia հիմնադրամի համահիմնադիր Վարդան Մարաշլյանը։ Նրանք ներկայացրին հայաստանյան պետական մարմիններում աշխատելաոճի առանձնահատկությունները և միջավայրին արագ ինտեգրման համար գործնական խորհուրդներ տվեցին նորեկներին։

Տարբեր երկրներից Հայաստանի կառավարությունում աշխատելու նպատակով էլի քաղաքացիներ պետք է ժամանեն, սակայն COVID-19-ով պայմանավորված դա հետաձգվել է։

Սփյուռքահայերն այս տարի չեն կարող գալ Հայաստան. ի՞նչ է առաջարկում «Քայլ դեպի տուն» ծրագիրը